Ադրբեջանը փորձում է թուլացնել Հայաստանի տնտեսությունը. թիրախում է Մեծամորի ԱԷԿ-ը. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

հանք

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանից դուրս և Հայաստանի ներսում մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտի թիրախավորման, ապատեղեկատվության, վարկաբեկիչ և կեղծ մեղադրանքների տարածման առնչությամբ, որը կարող է լրջագույն հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսական կայունության համար։

«Միության անդամ կազմակերպությունները լավ են պատկերացնում ոլորտի խնդիրները եւ հետամուտ են լավագույն լուծումների ներդրման հարցում։

Վերջին տարիներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը զգալի առաջընթաց է ապրել՝ կայուն կառավարման առումով։ Չէինք ակնկալում, որ հայաստանյան բնապահպանական կազմակերպությունները կնկատեն կամ կխրախուսեն այդ փոփոխությունները։ Բայց առնվազն հույս ունեինք, որ զուտ ազգային շահերից ելնելով զգուշավորություն կդրսևորեն՝ չաջակցելու Հայաստանը որպես «տարածաշրջանային աղետ» ներկայացնելու և դեպի մեր երկիր ներդրումները կանխելու Ադրբեջանի քաղաքական նպատակների իրականացմանը։

Օրինակները բազմաթիվ են։ Ամենաթարմը՝ օրերս ադրբեջանական կազմակերպությունների և պաշտոնյաների կողմից Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի դեմ արված համախմբված հայտարարություններն են, որոնցում, ցավոք, հիմնական հղումը հենց հայաստանյան կազմակերպություններին է արվում: Ադրբեջանում արդեն բացահայտ աջակցություն են հայտնում հայաստանյան բնապահպանական կազմակերպություններին՝ ոլորտի դեմ պայքարում:

Ակնհայտ է, որ եթե նույնիսկ հայաստանյան որոշ ՀԿ-ներ նման մտադրություն չեն ունեցել, նրանց օգտագործել և օգտագործելու են մեր երկրի տնտեսության դեմ։ Մինչդեռ ոլորտի մասնագետները բազմիցս զգուշացրել են հայաստանյան ՀԿ-ներին նման շրջադարձի մասին։ Մեկ այլ օրինակ է վերջերս չեխական ինչ-որ կազմակերպության կողմից արված հետազոտությունը հայկական բնապահպանական հասարակական երկու կազմակերպության հետ համագործակցությամբ՝ Հայաստանի հանքարդյունաբերական մարզերում։

Հայաստանյան փորձագիտական շրջանակներից մտահոգություններ բարձրացվեցին թե՛ այդ կազմակերպության հետազոտության հնարավոր որակի, թե՛ որևէ կերպ չհավաստված այդ «արդյունքների» հրապարակման առումով, որոնք կարող են օգտագործվել ոչ բարեկամ երկրների կողմից։ Եվ, իրոք, այդ «հետազոտության» արդյունքների հրապարակմանն անմիջապես հաջորդեցին պրոադրբեջանական մամուլի ակտիվ հրապարակումները, որոնցով փորձ է արվում Հայաստանը ներկայացնել բնապահպանական դժոխք, իսկ հայկական հանքարդյունաբերությունը՝ տարածաշրջանի աղտոտման աղբյուր։

Հայտնի է, որ Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է թուլացնել Հայաստանի տնտեսությունը։ Ցավով պետք է հիշեցնենք Երասխի մետաղաձուլական գործարանի նախագիծը։ Ադրբեջանն իր բոլոր միջոցները ներդրեց այդ նախագիծը վիժեցնելուն, ինչը հանգեցրեց նրան, որ գործարանը տեղափոխվեց, միլիոնավոր դոլարների վնաս պատճառվեց մեր տնտեսությանը։

Ադրբեջանի մշտական թիրախում են գտնվում Մեծամորի ատոմակայանը, Կապանի, Քաջարանի կոմբինատները, դեռևս չգործող Ամուլսարի հանքը, Արարատի ոսկու կորզման գործարանը, Թեղուտը՝ հիմնականում անհեթեթ, ակնհայտ կեղծ և վտանգավոր մեղադրանքներով, որոնց մեծ մասում, ցավոք, վկայակոչվում են հայաստանյան ՀԿ սեկտորի ներկայացուցիչները։

Զարմանալի կազմակերպվածությամբ միջազգային ատյաններին նամակներ գրելով հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ հետևողականորեն աջակցում են Ադրբեջանի՝ Հայաստան ներդրումների մուտքը կանխելու ջանքերին։

Մենք որևէ մեկի՝ մտահոգություն արտահայտելու իրավունքը սահմանափակելու նպատակ չունենք։ Սակայն ուզում ենք հիշեցնել, որ ոչ մասնագիտական գնահատականները, անհիմն մեղադրանքները, ապատեղեկատվությունը պարարտ հող են տրամադրում Ադրբեջանի քարոզչական ռեսուրսներին, կասկածի տակ են դնում մեր երկրում պատասխանատու և ժամանակակից հանքարդյունաբերություն ունենալու հեռանկարը։

Դարձյալ ստիպված ենք կոչ անել հրապարակային հայտարարություններում դրսևորել առավելագույն զգուշավորություն, չանել զրպարտչական հայտարարություններ, որոնց ոլորտի կազմակերպությունները ստիպված են լինում արձագանքել դատական հայցերով՝ այդ թվում՝ երկրի շահերից ելնելով»,- ասվում է հայտարարությունում։

--00—ԼՀ