Մեր թիմը չի ցանկանում ընդդիմության հետ կոալիցիա կազմել, դա կնշանակի 3 ուժի միասին կառավարում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Մեր թիմը չի ցանկանում ընդդիմության հետ կոալիցիա կազմել, մենք գտնում ենք, որ պարտավոր ենք հավատարիմ մնալ այն ուղերձներին, որը ամբողջ քարոզարշավի ընթացքում հղել ենք ժողովրդին։ Պարտավոր ենք մեր սկզբունքները և կարմիր գծերը անխափան պահել, որովհետև մենք այն ուժն ենք, որ ՔՊ-ին մեղադրում ենք հեղափոխության սկզբունքները դրժելու մեջ, հավատարիմ ենք մնում այն ամենին, ինչ խոստացել ենք մեր ընտրողներին։ Այս մասին 24News-ին ասաց Երևանի ավագանու անդամի թեկնածու Իզաբելլա Աբգարյանը։

Աբգարյանի խոսքով, թիմի 14 անդամ որոշում է ընդունել, Հայկ Մարությանը տարբեր տարբերակներ է առաջարկել, թիմը երկու տարբերակի շուրջ է համաձայնության եկել։ Անդրադառնալով «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի այն հայտարարությանը, որ պետք է փաստաթուղթ ստորագրվի, որպեսզի ընդդիմությունը վստահություն ունենա, բացի այդ պետք է վերահսկողական փաթեթը տրվի իրեն, Աբգարյանը պատասխանեց, որ ընդդիմության համար կարևոր պետք է լինի, որ Տիգրան Ավինյանը չդառնա քաղաքապետ, այդ գաղափարի շուրջ պետք է համախմբվել։

«Ընդդիմության համար երկրորդական պետք է լինի, թե ով ինչ պաշտոն ու լծակ կունենա, մեր ուղերձն է՝ եկեք կանխենք ՔՊ-ի կառավարումը, Երևանի համար նա չարիք է։ Կոալիցիա նշանակում է երեք ուժ միասին են կառավարելու, պետք է ընդդիմության հետ ունենալ ընդհանրություններ և չունենալ անվստահություն, այլապաես՝ վաղը դա կփլուզվի։ Հազար ու մի նման կոալիցիաներ ենք տեսել, որը մեր ժողովուրդը չի ընդունել և երես է թեքել նման ուժերից։ Երևանցիներին պետք է տալ ուղերձ, որ այո, մենք իրար հետ խնդիր ունենք, բայց թիվ մեկ խնդիրն է՝ թույլ չտալ Ավինյանին դառնալ քաղաքապետ»,-ավելացրեց նա։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ