Բանակային խաղերին կմասնակցեն ՊՊԾ, ԱԱԾ, ՊՆ ու այլ կառույցների աշխատակիցներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

631caec0-a7ed-4e09-93b4-24a32055c8c9.jpg

Ուժային կառույցների աշխատակիցների մասնակցությամբ բանակային խաղերի անցկացման համար կտրամադրվի 43 մլն դրամ, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Բանակային խաղերի մրցանակային ֆոնդը 30 միլիոն դրամ է կազմում:

2023 թվականի օգոստոսի 20-27-ն ընկած ժամանակահատվածում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում և Պաշտպանության նախարարության մարզաբազաներում կանցկացվեն Բանակային խաղեր՝ մի քանի կառույցների մասնակցությամբ:

Մասնավորապես, Բանակային խաղերին կմասնակցեն Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ներքին գործերի նախարարության, Փրկարար ծառայության, Պետական պահպանության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի, Քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության աշխատակիցները, ընդ որում՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ:

Յուրաքանչյուր կառույց կարող է ներկայացնել մեկական թիմ: Բանակային խաղերում ներառված են լինելու հետևյալ մարզաձևերը՝

• բանակային քառամարտ, որն ընդգրկում է ձգումներ պտտաձողից (կանանց դեպքում՝ իրանի ծալում և տարածում), վազք՝ 100 մ և 3000 մ (կանանց համար՝ 1000 մ) և նռնակի նետում նշանակետին մրցաձևերը,

• ռազմականացված կրոսավազք (փոխանցումավազք), որը կիրականացվի թե՛ անհատական, թե՛ թիմային ձևերով, այս պարագայում արդեն փոխանցումավազքով, ամեն կառույցից՝ 3-ական մասնակից: Մարզաձևի էությունը վազքն է, այնուհետև թիրախի խոցումն ավտոմատով, նորից վազք, ապա նռնակի նետում վարժությունների կատարումը,

• կողմնորոշում, որն իրականացվելու է որոշակի տեղանքի համար տրվող քարտեզով, տեղանքում առանձնացվելու են ստուգողական կետեր, քարտեզով տրվելու են նաև դրանք գտնելու հերթականությունը, և էլեկտրոնային կրիչով գրանցվելու է յուրաքանչյուր կետին մոտենալու հանգամանքը: Մասնակիցները, ինչը կարևոր է, կարող են օգտագործել միայն ոչ էլեկտրոնային կողմնացույց,

• 3 տարբեր հրաձգության ձևեր են տարբեր դիրքերով՝ հրաձգություն «ԱԿ 74» ինքնաձիգից,հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից:

Հրաձգությունը պետք է կազմակերպվի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողմից հաստատված հրաձգության ձեռնարկի համաձայն:

Առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով, առաջին տեղը գրաված թիմերը՝ գավաթներով: Առաջին տեղի համար նախատեսված է 1 մլն դրամ պարգև, 2-րդ տեղի համար՝ 500 հազար դրամ, 3-րդ տեղի համար՝ 300 հազար դրամ:

Փոխանցումավազքի մրցանակակիր թիմերը կպարգևատրվեն համապատասխան գավաթով, իսկ յուրաքանչյուր մասնակից՝ մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով: 1-ին տեղի համար յուրաքանչյուր մասնակից կստանա 300 հազար դրամ, 2-րդ տեղի համար՝ 200 հազար դրամ, 3-րդ տեղի համար՝ 150 հազար դրամ:

Բանակային խաղերի մասնակցության  հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 1-ը:

--00—ԶՀ