Ռուսներին մենք ենք օրը 5-10 հատ հաց տալիս, չեն կարողանում Հակարիի կամրջից անցնել. Հին Շենի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

ֆտ

Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումը շարունակում է իր խորը արմատները գցել և արցախահայությանը 21-րդ դարում պահել առանց էլեկտրաէներգիայի, գազի։ Բուժման կարիք ունեցողներին այլևս անհնար է տեղափոխել համապատասխան բուժհաստատություններ, հումանիտար օգնությունը ևս չի հասցվում Արցախ ադրբեջանական կողմի արգելքների պատճառով։ Սրանով պայմանավորված՝ Շուշիի շրջանի՝ երկկողմանի շրջափակման մեջ գտնվող 4 գյուղերում իրավիճակն ավելի է վատթարանում։ 24News-ը զրուցել է շրջափակված Եղցահող և Հին Շեն գյուղերի ղեկավարների հետ։

Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը նշեց, որ մինչև կամրջի փակվելը՝ 3 օր առաջ, կրկին հումանիտար օգնություն են ուղարկել․ «Տրամադրված պարենային ապրանքները մոտ 1 ամիս կբավարարեն։ Ամեն ինչ էլ կա, պահուստային էլ արդեն ունենք, նաև խանութներին ենք տրամադրել սննդամթերք, որ անհրաժեշտության դեպքում մարդիկ խանութից գնեն իրենց անհրաժեշտ ապրանքները»,- ընդգծեց համայնքի ղեկավարը։

Հարցին, արդյոք գյուղից կա՞ն բնակիչներ, ովքեր մնացել են կամրջի հակառակ կողմում և չեն կարողանում վերադառնալ, Հակոբյանն ասաց․ «Մեր համայնքներից կամրջով անցնելու տեղաշարժ չի եղել և չի լինելու մինչև հարցը չլուծվի»։

Հին Շենի ղեկավար Սամվել Սարգսյանն էլ ասաց, որ գոյատևում են․ «Դրության հետ համապատասխան ապրում ենք։ Մի շաբաթ առաջ սնունդ են բերել, բաժանել ենք ժողովրդին՝ ում ինչ պետք է եղել, գնել են, մնացածը տվել ենք խանութներին»,- պատմեց Սարգսյանը։

Տեղի ունեցած միջադեպից հետո, Սարգսյանի խոսքով, ոչ ոք չի կարողանում անցնել կամրջով․ «Ամբողջությամբ փակ է, անգամ ռուսները չեն կարողանում անցնել, կալոնան նորից հետ գնաց դատարկ, հաց էլ չունե ռուսները, մենք ենք՝ ժողովրդով օգնում ենք իրենց, օրը մեկը մի 5-10 հատ հաց տալիս ենք իրենց, հո ժողովրդին սոված չե՞նք թողնելու»,- շեշտեց համայնքապետը։

Ճանապարհը բացելու հետ կապված արդեն հույս էլ չեն փայփայում, ղեկավարն ասում է՝ համակերպվել են․ «Գիտեք, էնքան են ասել՝ էսօր-վաղը, էնքան են խաբել, որ էլ չենք էլ մտածում դրա մասին, այ էդտեղի նստած թափթփուկը պետք է դրա մասին մտածի»։

 

Մերի Մանուկյան

--00—ԱՊ