ՄԻՊ-ը մասնակցել է ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման հարցերի քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

photo_2023-05-12_18-47-22

Մարդու իրավունքներին վերաբերելի չափորոշիչների ամրապնդման տեսանկյունից կարևոր է պետական մարմինների միջև համագործակցության պատշաճ մշակույթը. Պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման հարցերի քննարկմանը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում միջգերատեսչական հանձնաժողովի անդամների կազմով հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսի և Լիխտենշտայնի մշտական ներկայացուցիչ, Մարդու իրավունքների հարցերով Նախարարների տեղակալների նիստերի նախագահ դեսպան Դոմենիկ Վանգերի հետ։ 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Եվրոպական դատարանի վճիռների կատարման, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման արդյունավետության բարձրացման, Եվրոպական դատարանի վճիռների կատարման միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր: Ընդգծվել է Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի կիրարկմանն ուղղված արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը և այդ առումով հատուկ կարևորվել է միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը։   

Հանդիպումների շրջանակներում պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման ուղղությամբ իրականացված և ծրագրվող աշխատանքները։ 

Անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանն առնչվող հարցերին՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է մարդու իրավունքներին վերաբերելի չափորոշիչների իրացման տեսանկյունից ՄԻԵԴ վճիռների պատշաճ կատարման մեխանիզմի կարևորությունը՝ համարելով այն համակարգային խնդիրների լուծման լավագույն գործիքներից մեկը։ 

Իր խոսքում Պաշտպանը հատուկ ընդգծել է խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքին, անձնական ազատության իրավունքին, հավաքների ազատությանը և այլ հիմնարար իրավունքներին վերաբերելի չափանիշների պատշաճ իրացման կարևորությունն ու ատելության խոսքի բացառման անհրաժեշտությունը: Վերոնշյալ չափորոշիչների ամրապնդման համար Անահիտ Մանասյանը կարևորել է պետական մարմինների միջև համագործակցության և երկխոսության պատշաճ մշակույթի անհրաժեշտությունը։ 

Պաշտպանը հատուկ ընդգծել է Եվրոպայի խորհրդի, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ շարունակական գործակցության կարևորությունը:  

Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը մասնակցել է նաև HUDOC նախադեպային իրավունքի որոնման հարթակի հայերեն տարբերակի շնորհանդեսին։ Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին ներկայացվել են կայքի կառուցվածքն ու ֆունկցիոնալ հնարավորությունները։

Պաշտպան Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ աշխատանքների, ներառյալ՝ Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմով մայիսի 11-12-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում էր։

--00—ՅՄ