Կորոնավիրուսի նոր տարատեսակի ալիքը Ռուսաստանում սպասվում է մայիսի վերջին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

1109156.jpg

Կորոնավիրուսի նոր տարատեսակի`«Արկտուրուս»-ի ալիքը Ռուսաստանում սպասվում է մայիսի վերջին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան։

«Մենք (հիվանդության) հետագա աճի ռիսկեր ենք տեսնում մինչև մայիսի վերջը, քանի որ սկսվելու է արձակուրդների շրջանը: Եվ այդ բռնկումը կարող է լինել», - մեջբերում է «Интерфакс»-ը Պոպովայի խոսքերը Սարատովում կայացած ճեպազրույցից:

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Ռուսաստանում կա «Արկտուրուս»-ի չորս հաստատված դեպք։

«Ոչինչ անսպասելի չէ: Սա նոր գենոտարբերակ է, արդեն հայտնի «օմիկրոնի» նոր մուտացիա այս տարատեսակի ներսում: Ընթանում է վիրուսի հետագա զարգացում: Առայժմ վիրուսը գերակշռող է Հնդկաստանում`այս երկրի համար առաջացնելով նոր, բավականին ինտենսիվ ալիք: Եվ այսօր այնտեղ նոր հիվանդացածների գրեթե 90%-ը «Արկտուրուս»-ով վարակված մարդիկ են», - նշել է Պոպովան։

«Դրա առանձնահատկություններից (դրանք արդեն նկարագրվել են, և այս վիրուսը վերջերս է հայտնվել) մեկը շատ բարձր վարակելիությունն է, այն նույնիսկ ավելի վարակիչ է, քան դրա բոլոր նախորդները: Ցանկացած փոքր շփում հանգեցնում է ախտահարման և, ամենայն հավանականությամբ, հիվանդության զարգացման», - պարզաբանել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը:

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Հնդկաստանի և այն երկրների գործընկերները, որտեղ ի հայտ են գալիս «Արկտուրուս»-ի եզակի դեպքեր, դեռևս չեն նկարագրել հիվանդության ավելի ծանր ընթացք, քան «օմիկրոնի» դեպքում։

Պոպովան նշել է «Արկտուրուս»-ի մեկ այլ հատկանիշ. արտասահմանցի գիտնականների տվյալներով՝ այն կարողանում է «շրջանցել» ավելի վաղ ձևավորված իմունիտետը։

«Բայց մենք պատրաստ ենք, Ռուսաստանի Դաշնության առողջապահական ողջ համակարգը պատրաստ է լրացուցիչ լարվածության և ծանրաբեռնվածության», - եզրափակել է Պոպովան:

--00—ԶՀ