Արցախը անկախ է Ադրբեջանից․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

0723Yerkogh-Artsakh

«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունն  ողջունում է փետրվարի 28-ից մարտի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի որդեգրած դիրքորոշումը, համաձայն որի  Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքն Արցախի անկախության ճանաչումն է՝ ելակետ ունենալով ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքը։

Դեռևս 2021 թ. փետրվարի 18-ից 20-ը՝ Արցախյան շարժման 34-ամյակին, այցելելով Ստեփանակերտ՝ «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունն առաջ է մղել ադրբեջանաթուրքական ահաբեկչական հանցագործ պատերազմից հետո ստեղծված ծանրագույն իրավիճակում «Արցախի ճանաչում հանուն փրկության» բանաձևի համընդհանուր տարածման և ընդունման անհրաժեշտությունը: Արցախյան այս այցից հետո հանդիպել ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ նրան փոխանցելով մեր մտահոգությունները՝ այս խնդրի շուրջ համախմբելու Արցախի, Հայաստանի և Սփյուռքի ջանքերը:  

Համոզված ենք, որ համազգային համընդհանուր ջանքերի միավորումը, միջազգային հանրության ամենալայն շրջանակների աջակցության ապահովումը և հատկապես այս ուղղությամբ Հայ առաքելական եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքների առավել ընդլայնումը թույլ կտան գոյաբանական ճգնաժամում հայտնված հայությանը հաղթահարելու թուրք-ադրբեջանական ծավալապաշտական հարձակումները և աշխարհաքաղաքական մարտահրավերները:

Հապաղումն այլևս անթույլատրելի է:

--00—ՅՄ