Թուրքիան իր սպառած բնական գազի 99.5 տոկոսը ներմուծում է այլ երկրներից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

photo_2022-12-28_14-01-20

Թուրք պրոֆեսոր Իսհաք Թուրանը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի իր ներկայիս ազգային էներգետիկ քաղաքականությունը, ապա առաջիկա տարիներին էապես կնվազեցնի իր արտաքին կախվածությունը բնական գազի և նավթի առումով։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրանը շեշտել է, որ վերջերս «Չայկումա-1» հորատանցքից 58 մլրդ խմ բնական գազի հայտնաբերումը իրենց համար խիստ ուրախալի է։ Քանի որ բնական գազի հարցում Թուրքիան գրեթե ամբողջությամբ կախված է արտաքին աշխարհից, հետևաբար, ըստ պրոֆեսորի, բնական գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի հայտնաբերումը չափազանց կարևոր է Թուրքիայի էներգետիկ անվտանգության և արդյունաբերության համար։

Նշենք, որ Թուրքիան իր սպառած բնական գազի 99.5 տոկոսը ներմուծում է այլ երկրներից (Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Ալժիր)։ Տարեկան Թուրքիան սպառում է միջինը 58-60 մլրդ խմ բնական գազ և հանդիսանում է Եվրոպայում բնական գազի ամենախոշոր սպառողներից մեկը։ Օրինակ՝ 2021-ին Եվրոպայում բնական գազի տարեկան սպառման ցուցանիշով Թուրքիան զիջել է միայն 3 երկրի՝ Գերմանիային, Մեծ Բրիտանիային և Իտալիային։

Պրոֆեսորը հույս է հայտնել, որ 2023թ. ևս Թուրքիայում կհայտնաբերվեն բնական գազի պաշարների հանքավայրեր։ Ըստ Իսհաք Թուրանի՝ 2025թ. վերջին նախատեսվում է մոտավորապես 15 մլրդ խմ բնական գազի արդյունահանում։ Այդ ծավալը համապատասխանում է Թուրքիայի բնակիչ բաժանորդների սպառած բնական գազի քանակին։ Սա նշանակում է, որ այդ առումով Թուրքիան ինքնաբավ լինելու «հայտ է ներկայացնում»։

«Սա մեզ ցույց է տալիս, որ մեր երկրի բնակարաններում մոտ 47 տարի սպառվող բնական գազը ոչ թե կներմուծվի դրսից, այլ արդեն կմատակարարվի Սաքարյա գազի հանքավայրից»,- ակնկալում է թուրք պրոֆեսորը։

--00—ՅՄ