Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի հետ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Նախ տեղի են ունեցել պետությունների առաջնորդների դիմավորման և տեսալուսանկարահանման արարողությունները, այնուհետև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի առաջնորդները նեղ կազմով նիստում քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հիմնական ելույթում նշել է.

«2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում ասվում է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»։ Մինչ օրս Լաչինի միջանցքն ամբողջությամբ չի գտնվում ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և ադրբեջանական բանակը մի քանի դիրքեր է պահպանում Լաչինի միջանցքում։

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետում ասվում է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Խախտելով սույն կետը՝ Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ասվում է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»։

Ադրբեջանի նախագահը մշտապես պնդում է, որ Հայաստանի տարածքով պետք է ինչ-որ միջանցք ստեղծել և Հայաստանին մեղադրում է վերը նշված կետը չկատարելու մեջ։ Ես հատուկ մեջբերեցի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որպեսզի ցույց տամ ակնհայտը՝ այնտեղ «միջանցք» բառ չկա, ոչինչ ասված չէ միջանցքի մասին։

Այս պարբերությունը, ինչպես համոզվեցիք, վերաբերում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, և միայն այս համատեքստում է նշվում տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, և այս հատվածը, համապատասխանաբար, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի մաս է կազմում։

Սա ակնհայտ է նաև 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունից, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ պարբերության պարզաբանումն է, այս պարբերության իմաստը պարզաբանող փաստաթուղթ է։

Ըստ այդմ, պետք է արձանագրել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի խախտման վերաբերյալ Հայաստանին ուղղված մեղադրանքները լիովին անհիմն են։ Այս հարցում Հայաստանը միայն մեկ պարտավորություն ունի՝ ապահովել տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, մինչդեռ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ որևէ կոնկրետ երթուղի նշված չէ։

Հայաստանի Հանրապետությունը միշտ պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է ապահովել նման հաղորդակցություն, և այդ նպատակով շրջանառության մեջ է դրվել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, և այս որոշման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Այս որոշումը չի կայացվում միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը չի ցանկանում այս ճանապարհը։

Սա նշանակում է, որ Հայաստանը լիովին կատարում է իր պարտավորությունը, իսկ Ադրբեջանը չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից։ Միևնույն ժամանակ, այդօրինակ մերժումը լիովին անհասկանալի է։ Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում և նպատակ ունի հասնել խաղաղության, ինչպես ինքն է պնդում, ապա եկեք բացենք այդ անցակետերը, այդ ճանապարհները, եկեք հնարավորություններ ստեղծենք մարդկանց համար։ Հասկանալի է, որ սկզբում կտարակուսեն, կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, այն ժամանակ և՛ Հայաստանի քաղաքացիները, և՛ Ադրբեջանի քաղաքացիները միանշանակ կսկսեն օգտվել փոխադրման այս նոր հնարավորությունից, վստահ եմ, որ Ռուսաստանի և մեր մյուս երկրների քաղաքացիները նույնպես։

Ինչ վերաբերվում է նոր ճանապարհների կառուցմանը, ապա 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամ որևէ այլ հայտարարության կամ փաստաթղթի համաձայն Հայաստանի Հանրապետությունը նման պարտավորություններ չունի։ Հայտարարության 9-րդ կետը նախատեսում է նման հնարավորություն կողմերի համաձայնեցմամբ: Իսկ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տալ իր համաձայնությունը։ Իսկ համաձայնեցումը չկայացավ միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը և ձեռք բերված պայմանավորվածություններին և ստորագրված հայտարարություններին հակասող գործողությունները։ Կոնկրետացնեմ՝ խոսքը միջանցքի մասին հռետորաբանություն է, դուք դրա մասին գիտեք։ Ցավոք սրտի, մեր որոշ գործընկերներ նույնպես ինչ-որ կերպ ենթարկվում են կամ մոլորության, կամ սադրանքի, երբեմն էլ համաձայնում են փաստաթղթերի ընդունմանը, որտեղ նման ձևակերպում է կիրառվում։

Եվս մեկ նրբություն՝ 9-րդ կետում ասվում է, որ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Այս կետը լրացուցիչ պարզաբանված է Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. նոյեմբերի 10-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ 695 հրամանագրում, որի 3-րդ պարբերությունում ասվում է՝ մեջբերում եմ. «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը վերահսկում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժի ապահովման նպատակով»։

Այսինքն՝ խոսք չկա և չի կարող լինել մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողության և մեր ցանկացած ինքնիշխան գործառույթի օտարման մասին, խոսքը գնում է պայմանավորվածությունների կատարման վերահսկողության մասին, իմիջիայլոց, պայմանավորվածություն ասելով՝ պետք է հասկանալ Հայտարարությունը, քանի որ, բնականաբար, այլ պայմանավորվածություններ չեն կարող լինել, և միայն այս գործառույթը կարող է իրականացնել Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանային ծառայությունը: Եվ ինչպես ես հասկացա, ճանապարհին խոսել ենք այդ մասին, մենք ընդհանուր մոտեցում ունենք այս հարցում:

Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է նաև այն բանում, որ մեր բանակը գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ։ Իմ ընկալմամբ, Լեռնային Ղարաբաղի հայերը բանակ ունեն միայն և միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով։

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկն այս թեմայով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել միջազգային երաշխիքներով դեմիլիտարացված գոտի, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղին կարող է անհրաժեշտ չլինել նման մասշտաբի պաշտպանության բանակ։ Այս առաջարկը, կարծում եմ, մնում է ուժի մեջ։

Պետությունների հարգելի ղեկավարներ,

Սա կուտակված թեմաների մի փոքր մասն է, որ ուզում էի կիսվել ձեզ հետ։ Բայց ես չեմ ցանկանում չարաշահել ժամանակը և այս պահին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ուշադրության համար»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև ընդլայնված կազմով նիստում պաշտոնապես ՀԱՊԿ-ում նախագահությունը Հայաստանից փոխանցվել է Բելառուսին: Այդ երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացրել է Բելառուսի առաջնահերթությունները առաջիկա նախագահության շրջանում, որից հետո ստորագրման են ներկայացվել համաձայնեցված փաստաթղթերը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ինչպես արդեն իսկ ասել է իր ելույթում, փաստաթղթերից երկուսը չի ստորագրվել: Դրանք նախատեսվում է բերել վերջնական տեսքի և նոր միայն ներկայացնել ստորագրման:

--00—ԻԴ

Տեսանյութեր