Սա սպառնալիք է երկրին, դանդաղ գործածության ական, որը հետևանքներ է առաջացնելու․ Համբարձումյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

277571956_103570495648201_1119994998339393005_n.thumb_.jpg

Այսօր մի պահ ուսումնասիրում էի ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի` Հայաստանի տնտեսության մեջ առնվազն 150.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում կատարող անձը կարող է պարզեցված կարգով ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Կարծիքների ամփոփումը վկայում է, որ 24.10.22թ. դրությամբ, մեր քաղաքացիների 96%-ը դեմ են արտահայտվել նախագծին և միայն 4%-ը` կողմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:

«Սա բավականին խոսուն և ուրախալի ցուցանիշ է, քանի որ վկայում է, որ մարդիկ անտարբեր չեն, մտահոգ են մեր Հայրենիքի համար:

Ակնհայտ է, որ քաղաքացիներին հիմնականում մտհոգում է այն փաստը, որ օրենքը հնարավորություն կընձեռի Ադրբեջանի, Թուրքիայի, ինչու չէ Պակիստանի, Աֆղանստանի և այլ նման ռիսկային, թշնամաբար տրամադրված երկրների քաղաքացիներին անարգել, համակարգված ու մասսայական ընդունել ՀՀ քաղաքացիություն' այդ կերպ իրական ազդեցություն ձեռք բերելով մեր ներքին գործընթացների վրա, ինչն ուղղակի սպառնալիք է հանդիսանում ազգային անվտանգության տեսանկյունից:

Ուզում եմ հավատալ, որ ոստիկանության մեր գործընկերների համար տեսանելի չեն եղել այդ ռիսկերը, հետևաբար' տրամաբանական հարց է առաջանում ինչո՞ւ է նախագիծը հիմա շրջանառության մեջ դրվել, ի՞նչ նպատակով, ու՞մ նախաձեռնությամբ և ո՞ր երկրների օրինակն է կիրառվում:

Նման հնարավորություն աշխարհում այսօր ընձեռում են ընդամենը մի քանի երկրներ, մասնավորապես' Մալթան (700.000 եվրո), Չեռնոգորիան (350.000$), Թուրքիան (250.000$) Դոմինիկյան Հանրապետությունը (200.000$), Սենտ-Լյուիսա (300.000$), Սենտ Քիթս և Նևիս Դաշնությունը (200.000, 400.000$), Գրենադան (220.000$), Անտիգուա և Բարբուդան (200.000$),չհաշված Արևմտյան մի քանի բացառիկ երկրներ, որտեղ շատ ավելի բարձր գումարներ են սահմանված:

Ինչպես տեսնում ենք, այս երկրներից որևէ մեկն իր աշխարհագրական դիրքով, անվտանգային ռիսկերով չունի Հայաստանի հետ նմանություն:

Ավելին` Վրաստանը, Ադրբեջանը, ինչպես Նաև Իսրայելը, որոնք, բնականաբար, շատ ավելի մոտ են մեր երկրին իրենց իրավիճակային պայմաններով, նման կարգ չունեն, լրջագույն սահմանափակումներ և պահանջներ են սահմանել քաղաքացիություն տալու համար:

Դժվար է պատկերացնել, որ օրինակ Իսրայելը իր դեմ թշնամաբար տրամադրված պետությունների քաղաքացիներին, չնչին ներդրման դիմաց, երկրի քաղաքացիություն կարող է շնորհել:

Այն ինչ հիմա առաջարկվում է, սպառնալիք է երկրին, դանդաղ գործածության ական, որը վաղ թե ուշ հետևանքներ է առաջացնելու:

Փոխարենը, մենք ամեն կերպ պետք է Հայաստանի ներքաղաքական կյանքում, հավասար իրավունքներով, ներգրավենք, ինտեգրենք Սփյուռքի մեր հայրենակիցներին, ինչը, վստահ եմ, շատ ավելի արդյունավետ կլինի նաև ֆինանսկան ներդրումների տեսանկյունից:

Այլ պետությունների քաղաքացիները թող ունենան ապրելու, աշխատելու և այլ իրավունքներ:

Սա բնական, ճիշտ և անվտանգ ճանապարհ է:

--00—ԶՀ