Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News   

․

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 40-ամյա Սերոբ Ջ-ի վարած Lexus մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Արթուր Ս-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Արթուր Ս-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ՝ 47-ամյա Մարինե Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է այն, որ մինչև նշված վթարը, նշված վայրում դեռևս անհայտ հանգամանքներում ЗИЛ մակնիշի բեռնատարը կողաշրջվել է, և Lexus-ի վարորդը կանգնել է, որպեսզի օգնություն ցուցաբերի, և այդ ժամանակ Opel-ը եկել ու բախվել է Lexus-ին։ 

--00--ԱՀ