Արցախի դատախազությունը` Աղավնոյում և Բերձորում տների հրկիզումների մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

ֆդֆ

Արցախի դատախազությանը բացարձակապես այլ ենթատեքստով արված հարցման պատասխանի հիման վրա տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ սույն թվականի օգոստոսին Քաշաթաղի շրջանի Աղավնո և Բերձոր համայնքներում բնակելի տների հրկիզման դեպքերի առթիվ Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել էր քրեադատավարական գործընթաց:

«Հրապարակված տեղեկության կապակցությամբ անմիջապես սկսեցին ներկայացվել տարբեր բնույթի ու ծագման մեկնաբանություններ ու հայտարարություններ, որոնց ի պատասխան հայտնում ենք հետևյալը.

Արցախի Հանրապետության տարածքում տեղի ունեցած ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ Արցախի իրավապահ մարմինները պարտավոր են ապահովել միատեսակ մոտեցում և քրեադատավարական գործընթաց իրականացնել օրենքով սահմանված առիթների ու հիմքերի առկայության դեպքում, ինչը ենթադրում է դեպքի հանգամանքների հետազոտություն և համապատասխան դատավարական որոշման ընդունում (դեպքի ու դրա հետևանքների հետազոտությունը կարող է տեղի ունենալ բացառապես Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով):

Նույնպիսի մոտեցում ցուցաբերվել է նաև քննարկվող դեպքերի առնչությամբ, որոնց առթիվ նախապատրաստված նյութերով իրականացվել են անհրաժեշտ դատավարական ստուգումներ և առաջիկայում կընդունվեն քրեական գործի հարուցման փուլը եզրափակող դատավարական որոշումներ:

Երևույթին տրված մտացածին մեկնաբանությունները և դրա կապակցությամբ արվող հայտարարությունները պարզագույն դատարկաբանություններ են, հայրենասեր ներկայանալու, ինքնահաստատվելու և իրավապահ մարմինների հասցեին մեղադրանքներ հնչեցնելու «անշուք» փորձեր»,- նշված է Արցախի դատախազության հաղորդագրության մեջ:

--00—ԻԴ