Ե՞րբ կլինի արբանյակից 1-ին լուսանկարը, ինչո՞ւ ամերիկացիները, այլ ոչ ռուսները և ինչո՞ւ էր գաղտնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

նկար

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը պաշտոնավարման 100 օրվա առիթով, որի շրջանակում անդրադարձել է հայկական առաջին արբանյակին առնչվող հարցերին, ինչպես նաև տեղեկացրել, որ 1-ին լուսանկարները կլինեն առաջիկայում։

Թեմային առնչվող հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև․

Պետրոս Ղազարյան - Դուք ընտրվեցիք նախագահ ԲՏԱ նախարարի պաշտոնից, չե՞ք կարոտում բարձր տեխնոլոգիական ոլորտը:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Իհարկե կարտում եմ: Ես եկա կառավարություն, երկարատև ընդմիջումից հետո: Ես պետական պաշտոն զբաղեցրել մինչև եմ 1998 թվականի փետրվարի 3-ը, երբ հրաժարական տվեցի և դրանից հետո ազատ մարդ էի, ազատ էի իմ գործունեության մեջ, իմ աշխատանքում և այլն: Հետո 2021 թվականի օգոստոսի 8-ին ընդունեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ դառնալ նախարար այն բնագավառի, որն ինձ հոգեհարազատ էր: Ես սկսել էի արդյունաբերությունից դեռևս հեռավոր 1982 թվականին և իրականում այն ծրագրերը, այն խնդիրները, որոնք դրված էր նախարարության առջև, կոնկրետ նաև իմ առջև, ես փորձեցի իրականացնել այսինքն՝ իրականություն դարձնել այն գաղափարը, որը կոչվում էր Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր: Ես այդ խնդիրն ունեի, այդպիսի հանձնառությամբ էի եկել ու այդպիսի հանձնարարություն էի ստացել վարչապետից և այդ ծրագրերն էի ուզում իրականացնել:

Նախարարությունը համեմատաբար նոր էր ստեղծվել, 2018 թվականից հետո, որում այդ գաղափարները, սաղմերը կային և ես մեծ պատրաստակամությամբ, եռանդով իմ ամբողջ ժամանակը նվիրել էի այդ աշխատանքին և իսկապես չէի էլ կարող մտածել, որ ինձ կընտրեն Հայաստանի Հանրապետության նախագահ: Իմ մտքով նույնիսկ չէր անցնում:

Պետրոս Ղազարյան - Ես ճիշտն ասած ինչու հարցրի, արբանյակը, որ մենք ունենք արդեն, գործընթացը Ձեր ժամանակ սկսվեց:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Շնորհակալություն հարցի համար, որովհետև ինչ-որ ժամանակ դա պետք է աստիճանաբար բացվի, որովհետև վարչապետն էլ ներկայացրել է, դա գաղտնի պայմաններում է եղել, բայց ինչ որ բաներ հիմա ես ինձ կարող եմ թույլ տալ: Հոկտեմբերից ենք սկսել այդ գործընթացը 2021 թվականի: Դա մի հանդիպման արդյունքում է եղել, որի մասին տեղյակ է եղել վարչապետը և ևս երկու հոգի: Ամբողջ գործընթացը կատարվել է նախարարության կողմից իմ ղեկավարությամբ, ամբողջ գործընթացին սահմանափակ թվով մարդիկ են մասնակցել, որի մասին տեղեկացված են եղել վարչապետը և իմ ասած անձինք: Տարվա վերջին մի քիչ ավելի շատ կառավարության անդամներ և պետական պաշտոնյաներ տեղեկացան, որ արդեն ռեալ է դառնում այդ ծրագրի իրականացումը: Այնտեղ արդեն կոնկրետ պայմանավորվածություններ պետք է ստանձնել: Հունվար ամսին վերջնական արդեն պայմանավորվածությունները կային և արդեն գիտեինք թե ինչ է սպասվում մայիս ամսին, որովհետև այդ ամենը պլանավորված էր: Հիմնական նպատակը, բացի նրանից որ արբանյակ ունենանք, հնարավորություն ունենանք մենք ինքներս նկարներ ստանալ, նկարներ մշակել, բայց գլխավոր նպատակը տիեզերական գործունեությամբ զբաղվելու բազա ունենալ և ապահովել հենց այդ բնագավառի զարգացումը: Հիմա այդ աշխատանքներն են կատարվում, ես համոզված եմ, որ մոտ ժամանակներս մենք կունենանք կառավարման կայան:

Պետրոս Ղազարյան - Արդեն Կապ հաստավե՞լ է:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Արդեն Կապ հաստատվել է, կարծում եմ, որ արդեն նկարներ էլ կունենանք շուտով և ինչ-որ մի առիթով այդ նկարները կցուցադրենք: Կայանը Հայաստանից չի կառավարվում, դրսից կառավարվում է նաև մեր հրահանգներով, այսինքն՝ մենք լիարժեք կայանի սեփականատերն ենք, և այն մարդիկ, ովքեր այսօր կառավարում են կամ դիտարկում են կայանը, մեր հրահանգներով են առաջնորդվում կամ մեր պայմանավորվածություններով:

Պետրոս Ղազարյան - Ոնց եք նայում այն քննադատություններին, որ դա այն արբանյակը չէր, մեզ կապի արբանյակ էր պետք, որ դա չի լուծում մեր ստրատեգիական խնդիրները, մերը չէ, ինչու ամերիկացիները, այլ ոչ ռուսները թռցրեցին:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Դա կախված է նրանից, որ, ես ներողություն եմ խնդրում, մասնագետներ չեն եղել քննադատողները կամ մասնագետներ են, որոնք ամբողջովին տեղեկացված չեն եղել գործընթացից: Ես ազատություն ռադիոկայանում տեսել եմ մի փոքրիկ ռեպորտաժ, բավականին հաջող ռեպորտաժ, այնտեղ ամեն ինչ ասված է, ինչու ամերիկացիները, ինչու ոչ ռուսները, ամեն ինչ ասված է: Որովհետև այսօրվա պայմաններում Սփեյս Իքսը բավականին մատչելի գներ է առաջարկում և պարբերաբար այդ աշխատանքների մեջ այնքան է մասնագիտացել, որ որևիցե կասկած չկա որ կթռնի և հաջողությամբ այդ ծրագիրը կիրականացվի: Մենք Ռոսկոսմոսի հետ համապատասխան պայմանավորվածություններ ունենք, ուղղակի իրենց հետ այլ ծրագրեր ենք իրականացնում, իրենք այսպիսի ծրագրերի մեջ դեռևս մասնակցություն չունեն:

Ինչու կապի արբանյակ չէ: Նախ կապի արբանյակ ունենալը բավականին թանկ է, կապի արբանյակ ունենալու համար մենք պետք է շատ ավելի լուրջ ներդրումներ անենք: Մենք գտանք որ այս ձևով մենք սկսում ենք մեր տիեզերական գործունեության սկիզբը: Մենք հավաքում ենք նախարարության ենթակայության տակ մասնագետներ, հիմա կոչ եմ անում, ովքեր տիեզերքից հասկանում են, տիեզերագնացությունից, ովքեր պատրաստ են արբանյակներ այստեղ արտադրել, ովքեր պատրաստ են այդ աշխատանքները կատարել, դիմեն նախարարություն, որտեղ արդեն կառույց կա՝ Գեոկոսմոս, որը զբաղվում է դրանով, և հավատացեք շատ կարճ ժամանակ հետո դուք կիմանաք Հայաստանի տիեզերագնացության նոր հաջողությունների մասին, որովհետև այն հետաքրքրությունը, որը կա հիմա, այն առաջարկությունները մեր հետ համագործակցելու, որ կա, մեզ համար էլ էր անսպասելի, որ այսպիսի հետաքրքրություն կառաջացնի:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։

--00—ԼՄ

Տեսանյութեր