ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

andranik_piloyan_1.thumb_.jpg

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Ինչպես արդեն հայտնի է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, բավարարել է երկու ամսով Փիլոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափաման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Անդրանիկ Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ պատրաստվում են դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնել, սակայն քրեական գործի վերաբերյալ այլ հարցերին պատասխանելուց զերծ է մնացել։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 30-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Դրանից երկու օր առաջ՝ մարտի 28-ին, ՀԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ԱԻՆ-ում, ընդ որում՝ թիրախում եղել է նախարարի խորհրդականի աշխատասենյակը։ Այսօր Հակակոռուպցիոն պաշտոնապես հայտնեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/՝ խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Եվս 8 անձի, այդ թվում Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել ՀՀ 38-311-րդ, 3112-րդ, 313-րդ, 178-րդ, 38-308-րդ և 34-308-րդ հոդվածների տարբեր մասերով: Մեղադրյալներից Ա. Հ.-ի, Հ. Ե.-ի, Մ. Մ.-ի, Վ. Մ.-ի և Ա. Օ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ՀՀ ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

--00—ՀԶ