Բնակչության պաշտպանության կազմակերպումը խոշորացված համայնքներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

․

Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում խոշորացված համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժանքներ է անցկացրել Լոռու մարզի Ալավերդի, Թումանյան, Բերդ և Շիրակի մարզի Ամասիա համայնքներում: Վարժանքներն անցկացվել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, համայնքապետարանների և այլ կառույցների հետ համագործակցությամբ:

Շտաբային ուսումնավարժանքներն անցկացվել են համայնքների ղեկավարների հսկողությամբ, խաղարկել են՝ ԱԻՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության պլանավորման բաժնի աշխատակիցները։
Վարժանքների նպատակն էր խոշորացված համայնքների բնակչության պաշտպանության համակարգի բոլոր հնարավոր թիրախային խմբերի միջև արդյունավետ համագործակցության և բնակչության պաշտպանության կազմակերպման խմբերի գիտելիքային ու գործնական հմտությունների բարձրացումը:

Հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում պատրաստվածության, արձագանքման և վերականգման կարողությունների կատարելագործումն էր՝ համաձայն աղետների ռիսկի կառավարման պլանների։

Շտաբային ուսումնավարժություններին մասնակցել են Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության, Լոռու մարզային փրկարարական վարչության և համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատի, համայնքապետարանի և բնակավայրերի, Վեոլիա ջուր, «Գազպրոմ Արմենիա» ու Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ների տարածքային ստորաբաժանումների, համայնքի բժշկական հաստատության, համայնքային ոստիկանության, նախադպրոցական, ուսումնական հաստատությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

--00--ԱՀ