Շուշիի հռչակագիրը բացասական ազդեցություն կունենա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների վրա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Քաղաքական

Շուշիի հռչակագիրը ենթադրում է ավելի խորը ինտեգրացիոն հարաբերութուններ Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Այս մասին 24News-ին ասաց ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

Երեկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը։ Ադրբեջանի խորհրդարանը (Միլլի Մեջլիսը) հռչակագիրը վավերացրել է փետրվարի 1-ին։ 2020 թվականի հունիսի 15-ին արցախյան Շուշի քաղաքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էին Շուշի հռչակագիրը, երբ վերջինս պաշտոնական այցով ժամանել էր 44-օրյա պատերազմի հետևանքով գրավված քաղաքը։ 

Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով՝ Շուշիի հռչակագիրն էական ազդեցություն կունենա նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վրա, քանի որ Թուրքիա նաև հայտարարել էր, որ այս հարցում խորհրդակցելու է Ադրբեջանի հետ։

Ըստ նրա՝ Շուշիի հռչակագիրը ենթադրում է թուրք-ադրբեջանական այնպիսի հարաբերություններ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև է։ «Ռուսաստանը և Բելառուսը ստեղծել են դաշնային պետություն, այս մոդելով կարող է զարգանալ Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը, շատ ավելի խորը, քան սովորական դաշնակցային հարաբերությունները»։

Սաֆրաստյանն ասաց, որ հռչակագիրը բացասական ազդեցությունն կունենա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վրա, որում Թուրքիան միշտ փորձել է ներագրավվել։ «Մենք բազմիցս ասել ենք, մեզ համար անընդունելի է Թուրքիայի մասնակցությունը, և հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այս առումով Շուշիի հռչակագիրն իհարկե բացասական ազդեցություն կունենա», - եզրափակեց նա։ 

Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագիրն ուղղված է Ադրբեջանի և Թուրքիայի միջազգային և տարածաշրջանային դերի ամրապնդմանը, հեղինակության բարձրացմանը, քաղաքական և ռազմական ոլորտներում համակարգված և համատեղ գործողությունների խթանմանը։ Երրորդ պետության կամ պետությունների կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում հռչակագիրը նախատեսում է միմյանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերում՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։

Հռչակագիրը նախատեսում է ազգային տնտեսությունների և արտահանման դիվերսիֆիկացմանն ուղղված ջանքերի ակտիվացում, ապրանքների ազատ տեղաշարժի կազմակերպման գործիքակազմերի ստեղծում, «Զանգեզուրի միջանցքի» բացում և տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցական կապերի վերականգնում։ Փաստաթուղթը նախատեսում է նաև երկու ժողովուրդների սփյուռքների միջև համագործակցության հետագա զարգացում, ինչպես նաև ադրբեջանա-թուրքական մեդիահարթակի շրջանակներում համագործակցության ամրապնդում։

--00--ԿԿ