Բանակցությունները կանցնեն «կառուցողական մթնոլորտում» և բանագնացը կզեկուցի՝ «միսիան իրագործված է»

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

Ռուբեն Մելքոնյան

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Անցած 30 տարվա ընթացքում տարբեր ֆորմատների և ինտենսիվության հայ-թուրքական հանդիպումներ, բանակցություններ են եղել, սակայն դրանցից և ոչ մեկի ժամանակ Հայաստանը չի եղել նման թույլ և խոցելի վիճակում ինչպես քաղաքական, դիվանագիտական, այնպես էլ բանակցողների առումով:

Մասնագետների համար գաղտնիք չէ, որ Թուրքիան ունի կայացած դիվանագիտական համակարգ, թուրքական ԱԳՆ-ն կարևոր ինստիտուցիոնալ կառույց է` իր ավանդույթներով, պրոֆեսիոնալիզմով և կադրերով: Այսինքն` սա այն դեպքն է, երբ թշնամուն հատկապես պետք չէ թերագնահատել:

Հայաստանը իր անկախության տարիներին կարողացել է ԽՍՀՄ շրջանում ձևավորված հիմքի վրա ստեղծել և զարգացնել հայկական դիվանագիտական համակարգը, որտեղ կայացել են բազմաթիվ պրոֆեսիոնալ դիվանագետներ, որոնք ներդրում ունեն Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման գործում: Սակայն փաստենք մի կարևոր հանգամանք` անցնող գրեթե մեկ տարվա ընթացքում հրաժարական ներկայացրեցին և արտաքին քաղաքական գերատեսչությունից հեռացան կամ հեռացվեցին մի շարք պրոֆեսիոնալ դիվանագետներ (խոսքը չի վերաբերվում Հայաստանի պատմության մեջ ամենաձախողակ և անհաջող արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին):

Հեռացած դիվանագետները ինստիտուցիոնալ և բանակցային գործընթացի հիշողության, տեղեկությունների, փաստերի կրող էին և նրանց հեռացումը Հայաստանի դիվանագիտական մոտալուտ կապիտուլիացիայի մասին ահազանգի դեր պետք է խաղար` զգաստացնելով հատկապես մեր երկրի ապագայով մտահոգ քաղաքական ուժերին:

Հիմա գամ բանագնաց նշանակված անձին` ՌՌ-ին.

- Ակնհայտ է, որ նա մեղմ ասած չի փայլում գիտելիքներով, չունի փորձ, անցած ճանապարհ, տառապում է մեծամտության ամենաբարդ տարբերակով, ուստի և զրկված է խորհուրդ հարցնելու և որ ամենակարևորն է դրանք լսելու անհրաժեշտության գիտակցումից: Այնպես որ հնչող մտքերը, թե բանագնացին պետք է համակողմանի խորհուրդներ տալ անիմաստ է, իրենք «ամեն ինչ գիտեն»:

- ՌՌ-ն Հրանտ Դինք հիմնադրամի միջոցներով որոշ ժամանակ ուսանել թե հետազոտություն է արել Թուրքիայում, որը չէր կարող նրան տալ խորքային և իրական գիտելիքներ այդ երկրի մասին և երկրորդ` այդ հիմնադրամի ծրագրերին մասնակցելը ամենևին էլ դրական չի խոսում մասնակցի մասին: Կարող են լինել լալահառաչ ապազգային ձայնարկություններ, թե Հրանտ Դինքի անվան հիմնադրամով է գնացել, ուստի այդտեղ հակահայկական ոչինչ չկա, սակայն ասեմ, որ նախ` Հրանտ Դինք հիմնադրամը շատ քիչ կապ ունի հայերի հետ և երկրորդ` սոցիալիստ, Թուրքիայի քաղաքացի Հրանտ Դինքի ոչ բոլոր մտքերն ու պատկերացումներն էին սինխրոն Հայաստանի շահերի հետ:

- Բանագնացի պատկերացումները Հայաստանի շահի, հայ-թուրքական հարաբերությունների մասին, մեղմ ասած, հեռու են բավարար լինելուց և լիովին համապատասխանում են իրենց թիմի «թշնամանքը կառավարելու», ինչպես նաև լիպարիտյանական ոճին:

- Եվ վերջինը` սա մի կողմից բացահայտ կուսակցամոլություն է բանագնաց նշանակել կուսակցի, այլ ոչ թե պրոֆեսիոնալ դիվանագետի, սակայն մյուս կողմից միգուցե այդ բանակցություններում լինելու են այնպիսի հարցեր, որոնց կոնֆիդենցիալությունը գերկարևոր է իշխող ուժի և հատկապես դրա ղեկավարի համար, ուստի պետք է վստահելի անձ ինչպիսին է բանագնաց ՌՌ-ն: Բացի այդ, միգուցե հայ պրոֆեսիոնալ դիվանագետը մասնագիտական պատվին հավատարիմ և Հայաստանի շահի գիտակցումից ելնելով` չգնա այն զիջումներին և քայլերին, որոնց առանց որևէ խղճի խայթի և էմոցիայի կգնա քպ-ական բանագնացը:

Հ.Գ. Այնպես որ կարելի է ակնկալել, որ հայ-թուրքական սպասվող բանակցությունները կանցնեն «կառուցողական մթնոլորտում» և ավարտին բանագնացը կզեկուցի, որ «միսիան իրագործված է»: Մնում է միայն պարզել, թե այդ միսիան արդյոք որևէ կապ ունի Հայաստանի և հայության շահերի հետ.....»։

--00--ԱՀ