Արայիկ Հարությունյանի զրպարտության հետևանքով «Այբ»-ը զգալի վնասներ է կրել. Չալաբյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է «Այբ» կրթական հիմնադրամի դեմ հարուցված քրեական գործի կարճմանը: 

«Այսօր «Այբ» հիմնադրամը տարածել է կարևոր հայտարարություն, որով ևս մեկ անգամ հաստատվում է, որ նախկին ԿԳՄՍ նախարար, իսկ ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ծավալած ողջ արշավը հիմնադրամի դեմ պարզունակ զրպարտություն էր, հիմնված տվյալ անձի կողմից իրականության մասին աղճատված պատկերացումների վրա։

Ցավոք, այդ գործողությունների արդյունքում հիմնադրամը զգալի բարոյական և նյութական վնասներ է կրել, իսկ մեր երկրի հազարավոր պատանիներ մի քանի տարով զրկվել են «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրով սովորելու հնարավորությունից։

Հուսով եմ, որ հիմա, երբ արդարությունը սկսում է վերականգնվել, ծրագիրը հասու կդառնա մեր բոլոր երեխաներին (մեր ավագ դուստրը այդ ծրագրով Այբ ավագ դպրոցում սովորելու հազվագյուտ հնարավորություն է ունեցել), և ապագայում այլևս երբեք նորաթուխ «քաղաքական գործիչները» չեն փորձի ինքնակայանալ առաջատար կրթական հաստատություններին վնաս տալու վրա»,- նշել է նա։

--00--ԱԹ