Դատարանը չի բավարարել Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորման միջնորդությունը. «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթին՝ Աշոտ Մինասյանին կալանավորելու հերթական փորձը ձախողվել է: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Վճռաբեկ դատարանի կողմից դատախազության բողոքը մասնակի բավարարելուց հետո առաջին ատյանի դատարանը քննել է Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը և կրկին մերժել այն:

Աղբյուրը հիշեցնում է, որ Աշոտ Մինասյանին կալանավորելու առաջին փորձը եղել է ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 նոյեմբեր ամսին, երբ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո տեղի ունեցան զանգվածային ձերբակալություններ: Առավել աղմկահարույց էր, այսպես կոչված, Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստության, իշխանության յուրացման և ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ քրեական գործը, որի շրջանակներում ձերբակալվել էին ազատամարտիկ Աշոտ Մինասյանը, Արթուր Վանեցյանը և մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ:

Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ ապօրինի զենք-աինամթերք պահելու դրվագով առկա է հիմնավոր կասկածը, իսկ ահա Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման և իշխանության յուրացման դրվագներով՝ ոչ, փաստելով հիմնավոր կասկածի բացակայությունը։

Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է դատախազության բողքը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

«Փաստինֆո»-ի տեղեկությունների համաձայն՝ առաջին ատյանի դատարանն օրերս կրկին քննել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը և կրկին մերժել այն, բայց այս անգամ՝ կալանավորման հիմքերի բացակայության հիմքով։ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Մինասյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը:

Ըստ «Փաստինֆո»-ի՝ դատախազությունն արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել:

--00—ԼՄ