ԱՄՆ Կոնգրեսը ժամանակավոր բարձրացրեց պարտքի շեմը

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

ԱՄՆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության արժանացրեց երկրի պարտքի շեմի կարճաժամկետ բարձրացման առաջարկը, որին կողմ քվեարկեցին 219 կոնգրեսականներ, իսկ դեմ էին՝ 206-ը: Այս մասին գրել է Ամերիկայի ձայնը։

Բանաձևն ընդունված է, հայտարարեց նախագահողը քվեարկությունից հետո: Այն երաշխավորում է, որ դաշնային կառավարությունը կշարունակի ամբողջությամբ կատարել իր ֆինանսական պարտավորությունները մինչև դեկտեմբեր:

Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը մինչև դեկտեմբերի 3 -ը 480 միլիարդ դոլարով ավելացրեց առկա 28,4 տրլն. դոլարի պարտքը՝ անցած շաբաթ Սենատի կողմից այն հաստատվելուց հետո:

Օրինագիծն այժմ կդրվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի սեղանին, ում ստորագրությունից հետո կստանա օրենքի ուժ:

Դա, սակայն, ժամանակավոր լուծում է, և Կոնգրեսը դեկտեմբերին ստիպված կլինի կրկին վերադառնալ այս հարցին: Հանրապետականներն այս անգամ ակնարկում են, որ դեմոկրատները ստիպված կլինեն ինքնուրույն անցկացնել օրինագիծը:

  --00—ՄՀ

Տեսանյութեր