Օձուն գյուղում սպանվել է նույն գյուղի 34-ամյա բնակիչ. հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News 

ՔԿ

2021թ. փետրվարի 20-ին՝ ժամը 19:50-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Օձուն գյուղի 34-ամյա բնակչի դի։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով։

Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. փետրվարի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Օձուն գյուղի 4-րդ փողոցի հրապարակամերձ տարածքում, առերևույթ հանցագործություն կատարած անձը հրազենից արձակած կրակոցներով դիտավորությամբ կյանքից ապօրինի զրկել՝ սպանել է նույն գյուղի 34-ամյա բնակչին։

Կատարվել է դեպքի վայրի զննություն հայտնաբերվել են արնանման հետքեր և գլխարկ։  Դիակի արտաքին զննությամբ գլխի և որովայնի շրջաններում հայտնաբերվել են հրազենային-կոտորակային բազմաթիվ վնասվածքներ, առգրավվել են դիակի հագուստները, վերցվել փորձանմուշներ: Հարցաքննվել են մի շարք վկաներ:

Նշանակվել են դատաբժշկական, համալիր դատաձգաբանական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ:  Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և դեպքի հանգամանքները պարզելու համար հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին։

Նախաքննությունը շարունակվում է։

 --00—ՄՀ