Արցախում պատերազմի իրավական հիմնախնդիրների լուծումների վերաբերյալ խորհրդի նիստ է կայացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News 

Արցախ

Փետրվարի 9-ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հրավիրվել է Պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի անդրանիկ նիստը, որը ձևավորվել է ԱՀ նախագահի՝ փետրվարի 4-ի հրամանագրով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Նիստի օրակարգում ընդգրկված էին պատերազմական գործողություններին մասնակցած անձանց կարգավիճակի տրամադրման, պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքների, լքված բնակֆոնդի օգտագործման խնդիրների ու դրանց իրավական լուծման հետ կապված մի շարք հարցեր։

Զեկույցներով հանդես են եկել ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, և հարցերի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում՝ նախանշելով լուծումների որոշ սկզբունքներ:

Արտակ Բեգլարյանը նշել է, որ Հանրապետության նախագահի հրամանագրով անհրաժեշտ է մեկամսյա ժամկետում, համակարգված աշխատելով ԱՀ լիազոր պետական կառույցների հետ, վերհանել հիմնական խնդիրները և հաստատել դրանց լուծմանն ուղղված միջոցառումների ցանկը՝ սահմանված կարգով և ժամկետներում դրանց հետագա իրականացման համար։

 --00—ՄՀ