Պատերազմի ընթացքում քաղաքական որևէ որոշման կայացմանը չեմ մասնակցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է պատերազմի ընթացքում #Հաղթելուենք քարոզչական թեզի տարածմանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե այսօր արդեն Արծրուն Հովհաննիսյանը քննադատվում է:

«Ես՝ որպես զինվորական, պարտավոր էի հավատալ և հավատում էի, և իմ հավատի հիմքը կազմել են այն նույն տղաները, որոնց դուք ինքներդ ամեն օր կենացը խմում եք ու ասում եք, որ իրենք դուխով են կռվել, լավ են կռվել, հերոսաբար են կռվել: Ես իրավունք չունեի իրենց չհավատալու. դա կանոնավոր զորքն էր, միջին սպայական կազմն էր, որը եղել է իմ առաջին հենարանը, իմ ինֆորմացիայի առաջին աղբյուրը, և ամենօրյա հերոսությունները իրենցից եմ վերցրել»,-ասել է նա:

Արծրուն Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ այն օրերին, երբ եղել է ընկճված, շատ տխուր կորցրած ընկերների, տարածքների պատճառով, անմիջապես ստացել է զանգեր զորքերի տեղամասերից, որտեղ ծանր վիճակ էր, որոնք խնդրել են «դուխ տալ»:

«Ստացել եմ զանգեր զորքերի տեղամասերից, որտեղ ծանր վիճակ էր՝ 6-րդ, 1-ին, 5-րդ պաշտպանական, ամենածանր տեղերմն եմ ասում, հարավային ուղղցություն, 10-րդ դիվիզիա, ստացել եմ սպաներից անդադար զանգեր, որ՝ խնդրում եմ, եթե պատերազմը պիտի կանգնի իրիկունը, առավոտ զորքին քո տված ոգով տանում ենք մարտի, դուխ տուր, ինչ ուզում է լինի»,-ասել է Արծուն Հովհաննիսյանը:

Պն ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ պատերազմի ընթացքում քաղաքական որևէ որոշման կայացմանը չի մասնակցել:

--0--ԿԿ