ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Սեպտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, «ԳԱԶ 3308» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Իսկ «BMW»-ն, գլխիվայր շրջվելով, հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Աղբյուրը նաև հայտնում է, որ «Գազ 3308»-ը հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Իսկ «Mercedes»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ՊՆ ավտոմեքենան, որը չթույլատրելի հատվածով փորձել է անցնել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ ինչ-որ ծառայողներ, այդ թվում՝ ներկայացած գնդապետը, փորձում էր մարդկանց վրա ճնշում գործադրել, իբր՝ վթարի մեղավորը իրենք չեն, և միայն Ռազմական ոստիկանության և Ճանապարհային ոստիկանության ծառայողների միաջմտությունից հետո նշված գնդապետը հեռացել է։
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Արարատի ռազմական ոստիկանության ծառայողները և բժիշկները։ Եվ մինչ բժշիկների ժամանումը՝ վիրավորներից 2-ին օգնություն են ցուցաբերել ռազմական ոստիկանության ծառայողները։
--00—ԼՄ