Ի՞նչ փուլում է Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի նորոգումը. պաշտոնյաները ծանոթացել են ընթացքին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

պոակ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը‚ փոխտնօրեն Խորեն Գրիգորյանը շրջայց են կատարել ՀՀ մարզերում, հետևել մի շարք ճանապարհահատվածների միջին նորոգման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Մասնավորապես‚ եղել են Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի կմ 24+554-կմ 50+000 հատվածում (25.5 կմ)‚ որտեղ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Եղել են նաև նշված ճանապարհի կմ 57+000-կմ 64+000 հատվածում (7 կմ), որտեղ միջին նորոգում է կատարվել 2019թ.‚ սակայն աշխատանքները չեն ընդունվել թերությունների պատճառով։ Այս տարի կապալառուն իր միջոցներով 1.5 կմ հատվածում‚ որտեղ առկա են եղել թերությունները‚ փոխում է ասֆալտբետոնե ծածկը։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը:

Հաջորդ կանգառը Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս ճանապարհի նորոգվող հատվածներում էր։ Նշենք‚ որ Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս հատվածում 2018 թ. վերջին կատարվել են 7 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ։ Լաբորատոր փորձաքննությունները ցույց են տվել‚ որ որոշ հատվածներում ծածկի խտությունն ապահովված չի եղել‚ ուստի ճանապարհը շահագործման չի ընդունվել։ Կապալառու կազմակերպությունն իր միջոցներով 4.6 կմ երկարությամբ հատվածում հին ծածկի վրա ասֆալտբետոնե նոր ծածկ է տեղադրում՝ թերությունները շտկելու համար։

Ոլորտի պատասխանատուները հանդիպումներ են ունեցել նաև Մ-8, Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կատարող շինարարի, նախագծող ընկերության և տեխհսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Տեղում արձանագրել են աշխատանքների ներկա վիճակն ու աշխատանքների ընթացիկ զարգացումները։

Տիկին Ղալեչյանը բոլոր շինտեղամասերում կապալառուների հետ զրույցներում շեշտել է որակյալ աշխատանքների կարևորությունը։

--00—ԼՄ