Կապանում ձերբակալված 4-րդ քաղաքացին ազատ է արձակվել. ձերբակալումը ոչ իրավաչափ է համարվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

հասարակական

Մայիսի 24-ին Կապանում ձերբակալված քաղաքացիներից Աշոտ Պապյանն ազատ է արձակվել: Նրա ձերբակալման որոշումը ճանաչվել է ոչ իրավաչափ: Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասաց Պապյանի պաշտպան Համլետ Դավթյանը:

«Ձերբակալման որոշման դեմ մեր ներկայացրած բողոքից բացի, դատարան է ներկայացվել նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Պապյանին կալանավորելու վերաբերյալ: Մեր ներկայացրած բողոքը դատարանը բավարարել է», - նշեց պաշտպանը: 

«Աշոտ Պապյանի դեմ ցուցմունք տվող չի եղել և չէր կարող լինել, քննիչն էլ չկարողացավ դա ներկայացնել, դատարանն էլ որոշեց, որ ձերբակալման հիմքեր չեն ունեցել»,- նշեց պաշտպանը: 

Համլետ Դավթյանի խոսքով՝ Աշոտ Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափի թմրանյութ ձեռք բերելու և պահելու համար: Պաշտպանը հայտնեց, որ Պապյանը մեղադրանքը չի ընդունել, իսկ ցուցմունք տալ առայժմ հրաժարվել է: 

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ազատ էին արձակվել նաև մյուս երեք քաղաքացիները՝ Մարատ Ստեփանյանը, Լևոն Համբարձումյանը և Խորեն Միրզոյանը, նրանց ձերբակալումը ոչ իրավաչափ էր համարվել: 

Նշենք նաև, որ մայիսի 24-ին ոստիկանները ձերբակալել էին Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի: ՔԿ-ի հաղորդագրությունում  ասվում է, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող չգործող ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։

Սոնա Գրիգորյան