«Այո»-ի, «ոչ»-ի և ուրվականների սահմանադրական հանրաքվեները․ ի՞նչ ճակատագրի կարժանանա 5-րդը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

հանրաքվե

1995 թվականի հուլիսի 5-ին ՀՀ Սահմանադրության ընդունման նպատակով անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե:

հանրաքվե

Հանրաքվեի էր դրվել Հայաստանի Սահմանադրության առաջին տարբերակը, որին կողմ էր քվեարկել 828 հազար 370 քաղաքացի, դեմ՝ 349 հազար 721-ը։ Անվավեր էր ճանաչվել 39 հազար 440 քվե։ Քվեարկությանը գրանցված մասնակիցների քանակը 2,189,804 էր, որից հանրաքվեին մասնակցել էր 1 միլիոն 217 հազար 531 քաղաքացի:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած Սահմանադրությանը դեմ էին ընդդիմադիր երկու քաղաքական ուժեր` Վազգեն Մանուկյանի ղեկավարած «Ազգային ժողովրդավարական միությունը» (ԱԺՄ) և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» (ՀՅԴ), որի գործունեությունն այդ ժամանակ կասեցված էր:

Լևոն

Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները: Մայր օրենքով ամրագրվեցին մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

 

2003 թվականի կամ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած հանրաքվե

2003 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների առաջին փորձը` 2003-ի մայիսի 25-ի խորհրդարանական ընտրությունների օրը զուգահեռ անցկացնելով հանրաքվե:

Թորոսյան

Այն ժամանակ խորհրդարանում ներկայացված «Օրինաց երկիր», ՀՅԴ, «Ազգային միաբանություն» քաղաքական ուժերից միակ ուժը, որը սահմանադրական հանրաքվեն բոյկոտելու կոչ արեց, ՀԺԿ-ն էր, որը 1999 թվականին Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի կազմած նախընտրական դաշինքով խորհրդարան մտած «Միասնություն» դաշինքի (Կարեն Դեմիրճյանի ՀԺԿ-ն ու Վազգեն Սարգսյանի գլխավորած՝ ՀՀԿ-ն) մի թևն էր։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն`  փաթեթին կողմ քվեարկածների թիվը 559, 687 էր, դեմ՝ 552,257-ը։ Բայց քանի որ այն ժամանակ, ըստ «Հանրաքվեի մասին» օրենքի, հանրաքվեի դրված նախագիծը համարվում էր ընդունված, եթե կողմ էր քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը, սահմանադրական այս փոփոխությունները չանցան:

 

2005 թվականի կամ «ուրվականների հանրաքվե»

Սահմանադրությունը փոփոխության ենթարկվեց 10 տարի հետո՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, կրկին հանրաքվեով, կրկին Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ:

ռոբերտ

Ըստ ընտրության արդյունքների՝ կողմ էր քվեարկել 1 միլիոն 411 հազար 711 քաղաքացի (94.50 տոկոսը), դեմ՝ 82 հազար 18-ը (5.50), անվավեր են ճանաչվել 20 հազար 364 քվեաթերթիկ։ Գրանցված ընտրողների քանակն ընդհանուր 2 միլիոն 317 հազար 462 է եղել։

2005 թվականի հոկտեմբերի 12-ին խորհրդարանական 14 հոգանոց «Արդարություն» դաշինքի կայացած նիստում որոշվել էր «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին:

Ընդդիմությունն իշխանության հետ ոչ միայն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բովանդակային քննարկման մեջ չմտավ, այլև մայրաքաղաքում և մարզերում ակտիվ «ոչ»-ի հանրահավաքներ անցկացրեց: «Ոչ»-ի շտաբին միացել էր նաև Արամ Կարապետյանի ղեկավարած «Նոր ժամանակներ» կուսակցությունը և ՀՀՇ-ն:

2005-ին սահմանադրական փոփոխությունների կողմնակից էին այն ժամանակվա կոալիցիոն կառավարության երեք ուժերը` ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն և մի քանի տասնյակ քաղաքական այլ ուժեր։

 

Հանրաքվեից հետո․․․

Ընդդիմությունն ու դիտորդները հայտարարում էին, որ հանրաքվեի անցկացման ժամանակ թույլ են տրվել լուրջ խախտումներ։ Հանրաքվեն ընդդիմության կողմից կոչվեց «ուրվականների հանրաքվե»։ Երկու շաբաթվա ընթացքում ընդդիմությունն անցկացրեց մի շարք հանրահավաքներ։ Նոյեմբերի 28-ի առաջին հանրահավաքին մասնակցեց 5-10 հազար մարդ։ Շաբաթներ հետո հանրահավաքներն ավարտվեցին։

հանրաքվե

2005–ի հանրաքվեն թեպետ չտապալվեց, բայց ունեցավ շատ քիչ ակտիվություն և մամուլի կողմից որակվեց որպես «ուրվականների հանրաքվե»։

 

2015 թվականին անցկացվեց սահմանադրական բարեփոխումների հերթական հանրաքվեն

Նոր սահմանադրության ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունն անցավ կառավարման խորհրդարանական համակարգի։

սդ

2015 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից առաջարկված փոփոխություններն ուղարկվեցին Ազգային ժողովի քննարկման՝ 1 օր առաջ տեղի ունեցած ամփոփիչ նիստում հաստատվելուց հետո։ Հոկտեմբերի 5-ին ԱԺ-ն՝ ձայների 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն տվեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու առաջարկը։

Հոկտեմբերի 8-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանրաքվեի օր նշանակեց դեկտեմբերի 6-ը։ Փոփոխություններին կողմ քվեարկեց ընտրողների 66,2 %-ը։ Մասնակիցների ընդհանուր թիվը 1 միլիոն 302 հազար 613 էր։ Անվավեր քվեաթերթիկները՝ 53 հազար 435, կողմ էր քվեարկել 825 հազար 521 քաղաքացի, դեմ՝ 421 հազար 568 քաղաքացի։

 

2018 թվականի ՍԴ նախագահի փոփոխությունները

Մարտի 8-ից դադարեցվեցին Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում։

սերժ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրեց Հրայր Թովմասյանի թեկնածությունը: 2018 թվականի մարտի 21-ին ՀՀԿ նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ։ Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 64, դեմ՝ 27 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկները 2-ն էին։

 

2020 թվական․ Ազգային ժողովը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին նախագիծ ընդունեց

Նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած մեծ ասուլիսի ժամանակ հայտնեց՝ «ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ինձ իր ծառայություններն է առաջարկել»։ Ինչից հետո վարչապետը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը կեղծիքով է ընտրվել ՍԴ նախագահ։

Փետրվարի 6-ին՝ Սահմանադրական դատարանի 24-րդ տարեդարձի օրը, 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն նախագիծ ընդունեց, որով առաջարկվում էր դադարեցնել մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն ընտրված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և մյուս անդամների պաշտոնավարումը։

Նույն օրը՝ Սահմանադրական դատարանի 24-րդ տարեդարձի արարողությանը, Հրայր Թովմասյանը նշեց՝ «Տեղի ունեցող գործընթացին պատմությունն իր գնահատականը կտա»։

 

Նիկոլ

5-րդ հանրաքվեի օրը դեռ որոշված չէ, տարբեր ամսաթվեր են շրջանառվում, հիմնականում երկուսը՝ մինչև ապրիլի 5-ը կամ մայիսի վերջ։ Ըստ հանրաքվեի մասին» օրենքի՝ Սահմանադրությունում կարող են փոփոխություններ արվել, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ¼-ը:

Վերջին տվյալների համաձայն՝ ՀՀ-ում քվեարկելու իրավունք ունի 2 մլն 574 հազար 916 մարդ, որի մեկ քառորդը կազմում է 643 հազար 729 ձայն։ Այսինքն` որպեսզի հանրաքվեն ավարտվի ցանկալի ելքով, իշխանությանը հարկավոր է ստանալ մոտ 650 հազար ձայն։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութեր

Live

Լրահոս