«Այո, մենք կարող ենք վերջ տալ տուբերկուլոզին»․ այսօր Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

ֆֆ

 

Այսօր Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է:

Օրվա կարգախոսն է` «Այո, մենք կարող ենք վերջ տալ տուբերկուլոզին»: ՏԲ-ն կանխարգելելի և բուժելի հիվանդություն է, բայց մնում է հանրային առողջապահական գերակա խնդիրներից մեկը:

Տուբերկուլոզի հակազդման 2021-2025թթ. ազգային ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում` 2023թ.`

հիվանդացության ցուցանիշը 13.5 է` 100 հազար բնակչի հաշվով, 2015թ. համեմատ նվազել է 63%-ով:

Մահացության ցուցանիշը կազմել է 1.0, նախորդ տարվա համեմատ նվազել է 14%-ով:

Չնայած այս ցուցանիշներին` հատկապես բազմադեղակայուն տուբերկուլոզի տարածվածության կանխարգելման, բուժման արդյունավետության բարձրացման, խարանի նվազեցման առումով դեռևս անելիքներ կան:

Ակտիվ տուբերկուլոզով հիվանդանալը, վարակվելը, բուժման արդյունավետությունը կախված են տարբեր սոցիալական և ռիսկային գործոններից, ինչպիսիքն են` թերսնուցումը, վատ կենսապայմանները, աղքատությունը, սոցիալ-հոգեբանական իրավիճակները:

Հետևաբար, շատ կարևոր է տարբեր ոլորտների՝ առողջապահական և ոչ առողջապահական, քաղհասարակության, համայնքների համագործակցությունը` ռիսկի գործոնների նվազման և հիվանդության հաղթահարմանն ուղղված նպատակներին հասնելու համար:

Հիվանդության հիմնական ախտանիշների` 2 շաբաթ և ավելի տևողությամբ հազի, խորխարտադրության, թուլության, ախորժակի կորստի, քաշի անկման, գիշերային քրտնարտադրության, մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում պետք է դիմել պոլիկլինիկա, որտեղ կիրականացվեն առաջնային հետազոտություններ ընտանեկան բժիշկների, թերապևտների կողմից, իսկ ցուցումների դեպքում կուղեգրվեն մասնագիտական կենտրոններ։

ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնը համարվում է մեր երկրի միակ տուբերկուլոզային բազմապրոֆիլային կենտրոնը, որի հիմնական նպատակն է արագ, ճշգրիտ ախտորոշել տուբերկուլոզը, իրականացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժում և կյանքի կոչել տուբերկուլոզի ռազմավարական ծրագիրը։

Տուբերկուլոզի բուժումը և հայտնաբերումը մեր երկրում անվճար է` իրականցվում է պետական պատվերի շրջանակներում։

--00—ՍՊ