ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը կաջակցի ՆԳՆ բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

photo_2024-03-18_10-52-05

Ավստիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել UNODC-ի Գործառնությունների տնօրեն Բո Մաթիասենի և UNODC-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Աշիտա Միտալի հետ։

Փոխնախարար Սարգսյանը ՄԱԿ-ի գործընկերներին է ներկայացրել Ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումներն ու դրանց արդյունքները։

Նա առանձին անդրադարձ է կատարել Քրեական ոստիկանության վերափոխմանը, հայտարարված բաց մրցույթի ընթացքին և կրթական նոր մոդելի ներդրմանը։

ՄԱԿ-ի գործընկերները բարձր են գնահատել Ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու Հայաստանի Կառավարության ջանքերը։

Կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շրջանակներում արդեն իսկ իրականացված քայլերին և նախանշել համագործակցության նոր ուղղություններ։

Կարևորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ռազմավարական մակարդակում փորձագիտական աջակցությամբ քայլերի հստակեցումը և ՀՀ Կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների խթանումը, ոստիկանների վերապատրաստման գործընթացում UNODC-ի առցանց գործիքների տեղայնացումն ու կիրառումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ուժերով առաջ մղել երկկողմ համագործակցության օրակարգը։

--00—ՅՄ