Հայաստանը ԵՄ կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում․ ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

եմ

Մարտի 6-ին կայացել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանի հանդիպումը Եվրոպական միության ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ։

Այս մասին հայտնում են դեսպանությունից:

Գեներալ Բրիգերը ներկայացրել է ռազմական և պաշտպանական ոլորտում Եվրոպական միության ռազմավարությունը և դրանից բխող առաջնահերթությունները, համաեվրոպական անվտանգության տեսլականը՝ այս համատեքստում նշելով, որ Հայաստանը ԵՄ կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Բալայանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպական միություն ընդհանուր փոխգործակցության մակարդակը՝ կարևորելով դրա անվտանգային և պաշտանական բաղադրիչի ընդլայնումը։ Նա գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող զինված ուժերի մասշտաբային բարեփոխումների ծրագիրը՝ այս առնչությամբ ընդգծելով ԵՄ աջակցության անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը գործունեությունը, դեսպանը նշել է, որ այն կարևոր կայունացնող դերակատարություն ունի տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Արևելյան Եվրոպայում վերջին զարգացումների, տարածաշրջանային անվտանգության հեռանկարների ու համագործակցության հնարավորությունների շուրջ։

 --00—ԼՀ