«Մարդուն գողություն անելուց չեն բռնել». Քերոբյանը Փաշինյանին հարցնում է՝ ինչպե՞ս աշխատեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Ջրային պաշարների ճիշտ կառավարման, և ընդհանրապես հողային կառավարման առումով պետք է ուժեղացնենք ինտենսիվ գյուղատնտեսությունը, մեր նախընտրական ծրագրի մեջ արձանագրված է, որ տարեկան առնվազն 1000 հեկտար ինտենսիվ այգի պետք է հիմնվի։ Այս համատեքստում, 7000 հեկտար ինտենսիվ այգի ենք հիմնել, բայց պետք է արձանագրենք, որ այս թիվը օբյեկտիվ չի, որովհետև դեպքեր ունենք, երբ բացահայտվել են որոշ չարաշահումներ, քննություն կա, բայց ստացվում է՝ ինտենսիվ այգի չկա, բայց սուբսիդավորումը կա։ Այս մասին կառավարության նիստին՝ դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա հարց կծագի՝ այս պայմաններում ինչի ենք նորից այս ծրագիրը շարունակում։ Մեր եզրակացությունը էն չպիտի լինի, որ վայ, ինտենսիվ այգիների ոլորտում չարաշահումներ ունենք, բերեք ծրագիրը փակենք։ Չի կարող 7000-ի մասին տվյալը սուտ լինել, մնացածով թող զբաղվեն իրավապահները»,-ասել է Փաշինյանը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով, պատժվում են մարդիկ, ովքեր չեն գողացել կամ ապացուցված չէ, որ գողացել են․ «Եթե խարդախության համար պատժվում են մարդիկ, ովքեր չեն գողացել կամ ապացուցված չէ, որ գողացել են, ստացվում է, որ պարալիզացրել ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը։Հիմա գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ ինչպե՞ս շարունակեն աշխատել, որ վստահ լինեն՝ ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու»,-ասել է Քերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ