Եթե ադրբեջանցիները մարդ են առևանգում ՀՀ եկող ճանապարհից, ի՞նչ կլինի, երբ Աղդամի հատվածը բացվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեպքը մեզ ծանոթ դեպք է, դեռևս 1990 թվականին էին ադրբեջանցիները մարդ գողանում, Քարին տակից բանջարանոցում աշխատող գյուղացուն գողացան տարան, մինչև հիմա տեղեկություն չկա: Քանի դեռ Ադրբեջանը չի պատժվում, նման դեպքերը շատ են լինելու: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

«Բաքվի նպատակն է որ մարդիկ վախենան Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, ցավալի է, որ Կարմիր խաչն էլ չի կարողանում անվտանգություն ապահովել: Շատ մարդկանց վրա Բաքուն կարող է կեղծ մեղադրանքներ կարել ու բանտարկել, պետք է գնահատական տրվի նրանց գործողությունենրին:

Ասում են՝ Աղդամով ճանապարհը բացենք, եթե Հայաստան գնացող ճանապարհից են մարդ գողանում, բա որ Աղդամով ճանապարհ լինի, ինչեր կանեն, ով ասում է՝ Բաքվի հետ պետք է ինտեգրվել, որ համերաշխություն լինի, թող գնան այդ ճանապարհով, հետ գան, հետո խոսեն, ինտեգրումն անհնար բան է»,- ընդգծեց Սարգսյանը:

Անդրադառնալով Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու՝ Բաքվի կողմից վերանորոգման նպատակով ձևափոխելու հանգամանքին՝ Շուշիի քաղաքապետը նկատեց. «Ղազանչեցոց եկեղեցին 50 տարով Ադրբեջան պետությունից մեծ է, Շուշիում 11 եկեղեցի կա, բոլոր եկեղեցիները քանդում են, հետքերը վերացնում, որ ցույց տան, որ այնտեղ դարերով հայ չի ապրել: Հիմա Ալիևը խոսում է Շուշիում, Քարին տակում ադրբեջանցիների վերաբնակեցման մասին, բայց այնտեղ ադրբեջանցիներ երբեք չեն ապրել, մի քանի չոբան է անասուն պահել: Ամեն ինչ անում են հայկականը ջնջելու համար, բայց աշխարհը լուռ է, կարծես ոչինչ չի տեսնում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ