Աղդամով ՌԴ բեռների մուտքը Արցախ պրովոկացիա է, կարող է՝ թունավորել են բեռները. ՔՊ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Ճիշտ է արել իշխանությունը, որ Արցախի նախագահին չի շնորհավորել։ Ադրբեջանը դա մեր դեմ կօգտագործեր, կասեր՝ տեսեք՝ Հայաստանը տարածքային պահանջներ ունի, այլապես ինչի է այդ ընտրությունն ընդունում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

«Ես շատ դժգոհ եմ Արցախի նախագահի փոփոխությունից, դա նման էր պետական հեղաշրջման, այն Հայաստանում լրջագույն խնդիրներ է առաջացնելու։ Այն ուժերը, ովքեր դա արեցին, երազում են Հայաստանում ևս իշխանությունը վերցնել»,- ավելացրեց պատգամավորը։

Անդրադառնալով Աղդամով ՌԴ հումանիտար բեռներ մուտք գործելու հանգամանքին՝ Ասլանյանը նշեց, որ դա վտանգավոր է, արցախցիները պետք է շարունակեին դիմանալ․ «Վտանգ կա, որ ռուսների միջոցով բեռների մուտքը Աղդամ նոր պրովոկացիա կլինի։ Մենք չգիտենք, այդ օգնությունը կարող է թունավորված է․ թուրքերին ամեն ինչ թույլ են տալիս անել, ոչ ռուսներին, ոչ թուրքերին չեմ վստահում։ Արցախցիները պետք է շարունակեին դիմանալ, այդ ճանապարհը չպետք է բացվեր, 90-ականներին ինչպե՞ս դիմացանք, իմ երեխաները ո՞նց դիմացան։ Շատերին ձեռք չի տալիս նրանց ժողովրդավար Հայաստանը, վտանգ կա՝ այսօր ՀՀ-ի ժողովրդավարության ու ապագայի վերաբերյալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ