ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24news
Արցախի շրջափակումը չշրջանցեց նաև ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համակարգվող ոլորտները: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր` հուլիսի 19֊ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱՀ ՏԿԵ նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը:
«Մենք ինչ-որ տեղ եղանք դիմակայման առաջամարտիկը. երբ 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի այսպես կոչված էկոակտիվիստները փակեցին կյանքի ճանապարհը, առաջին հարվածը հասցվեց տրանսպորտի(Ստեփանակերտ-Երևան, Երևան-Ստեփանակերտ, Մարտակերտ-Երևան, Մարտունի-Երևան և այլ երթուղիներով) ոլորտին։ Իրավիճակն ավելի խորացավ էներգետիկայի բլոկում, երբ հունվարի 12-ին Ադրբեջանն ինչ-ինչ հանգամանքներում խափանեց Հայաստանից Արցախին էլեկտրաէներգիա մատակարարող բարձրավոլտ օդային գծի աշխատանքը, և հոսանքազրկվեց Արցախի Հանրապետությունը` փաստացի անցնելով սեփական խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին էներգիայի արտադրությանը և սպառմանը: Ճգնաժամը սաստկացավ, երբ մարտի 21-ին Ադրբեջանը դադարեցրեց Արցախի գազամատակարարումը, և այս առումով մենք հերթական սուր հարվածը ստացանք` այն իմաստով, որ գազով աշխատող հիմնարկ֊ձեռնարկությունները ստիպված գործունեությունը շարունակեցին էլեկտրաէներգիայի հաշվին` բնականաբար, ունենալով հետևանքներ։
Շոշափելի վնասներ է կրել նաև հեռահաղորդակցության և կապի ոլորտը»,-մանրամասնել է Վ. Հարությունյանը` հավելելով, որ անում են հնարավորը բոլոր ճյուղերում քաղաքացիների հոգսը քիչ թե շատ թեթևացնելու համար:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՍՊ