Եթե Գլադստոնը ողջ լիներ, նա, վստահաբար, կբարձրացներ իր ձայնն ի աջակցություն ԼՂ ժողովրդի. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

MyCollages

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը բրիտանական The Telegraph օրաթերթում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է  Բրիտանիայի նախկին վարչապետ (19-րդ դար), մեծ հումանիստ, երկար տարիներ ի աջակցություն հայերի հանդես եկած Ուիլյամ Գլադստոնի կյանքին ու ժառանգությանը և նշել, որ օրերս Հարդենում՝ Գլադստոնի գրադարանում տեղի ունեցած մեծարման երեկոն ոչ թե պարզապես հարգանքի տուրք էր նրա քաղաքական խորաթափանցությանն, այլ, առաջին հերթին, նրա սկզբունքային մարդասիրությանը:

Արմեն Սարգսյանը հատկապես անդրադարձել է Ուիլյամ Գլադստոնի հայանպաստ գործունեությանը և մասնավորապես նշել. «Հայաստանը չի կարող մոռանալ 19-րդ դարի բրիտանական քաղաքականության «Ավագագույն Ծերուկին», մանավանդ որ այսօր նման կերպարի կարիք շատ ունի»:

«Ուիլյամ Յուարթ Գլադստոնը ծնվել է 19-րդ դարի առաջին (1808), մահացել՝ վերջին (1898) տասնամյակում։ Նա աննախադեպ՝ չորս ժամկետ պաշտոնավարել է որպես վարչապետ՝ երբեք իր արժեքները  չստորադասելով քաղաքականապես նպատակահարմար զիջումներին և վաստակելով «ճնշվածների պաշտպանի» տիտղոսը։

Գլադստոնի ամենանշանակալի (ու նաև վիճելի) քաղաքական նախաձեռնությունը, թերևս, Իռլանդական Հոմրուլի (Irish Home Rule) շուրջ ջանքերն էին։ Գլադստոնը ձգտում էր Իռլանդիային շնորհել Բրիտանական կայսրության ներսում ինքնակառավարման զգալի աստիճան՝ հույս ունենալով բավարարել իռլանդացի ժողովրդի դժգոհություններն ու նպաստել Բրիտանիայի և Իռլանդիայի հաշտեցմանը: Հոմրուլն անցկացնելու նրա փորձերն ի վերջո բախվեցին ուժեղ դիմադրության, բայց եկեք մի պահ պատկերացնենք մեր աշխարհը, եթե նրա հեռատես նախաձեռնությունը հասներ իր ավարտին. բրիտանացիները սերնդեսերունդ կազատվեին տարաձայնություններից ու «տրավմաներից»։

Սակայն այն, ինչը կյանքի վերջին տարիներին իսկապես առանձնացրեց  Գլադստոնին, Հայաստանն էր։ Նրա ներգրավվածությունը «Հայկական հարցում», որը պայմանավորված էր բացառապես իր բարոյական պատկերացումներով, սկսվեց 19-րդ դարի վերջին։ Ծննդյան 85-ամյակի օրը՝ 1894 թվականի դեկտեմբերին, Գլադստոնը Հարդենի իր գրադարանում ընդունեց հայկական պատվիրակությանը և առաջին ձեռքից  տեղեկություններ ստացավ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ վայրագությունների մասին։ Այդ տարի սուլթան Աբդուլ Համիդ II-ն իր զորքերը հանել էր Թուրքիայի հայկական համայնքի դեմ։

Համիդյան ջարդերը, ինչպես դրանք հայտնի դարձան հետագայում, սկսվեցին  Սասունի և Զեյթունի արևելյան շրջաններում հայերի դեմ հարձակումների ալիքով։ Զանգվածային կոտորածներն ուղեկցվում էին բռնի կրոնափոխությամբ, հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ։  Գլադստոնը, որ իր ձայն էր բարձրացրել Բալկաններում օսմանյան բռնությունների դեմ, ցնցված էր, սակայն պատկառելի տարիքը զգալիորեն սահմանափակում էր նրա աջակցության հնարավորությունը։

Բռնությունները 1895 թվականին ավելի ուժգնացան՝ տարածվելով այլ շրջաններում՝ ներառյալ Ստամբուլ ու Իզմիր քաղաքները։ Հայերը դարձել էին պետական պաշտոնյաների, կրոնական առաջնորդների ու տեղի զինվորականների նախաձեռնած ջարդերի հաճախակի թիրախ։ Հետապնդումների էին ենթարկվում նաև մյուս փոքրամասնությունները։ Գլադստոնը, չնայած բավականին պատկառելի տարիքին, որոշեց գործել։

1895 թվականի օգոստոսի 6-ին 86-ամյա նախկին վարչապետը 10 մղոն քայլեց Հարդենի իր դղյակից դեպի Չեսթեր Թաուն Հոլ (Chester Town Hall), որտեղ հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ լսելու նրան։ Գլադստոնը դատապարտեց Օսմանյան կայսրությանը՝ որպես «վատագույնն աշխարհում» և հավաքվածներին կոչ արեց կանգնելու հայերի՝ «աշխարհի ամենախաղաղասեր, խելացի ու աշխատասեր ժողովուրդներից մեկի» կողքին։ 

Հանդիպումը, որը նախագահում էր Վեսթմինսթերի դուքսը, ավարտվեց ի աջակցություն Հայաստանի ընդունված բանաձևով։ Այն այնքան ազդեցիկ էր, որ թուրքական գրաքննությունը հաջորդ օրն արգելեց բոլոր անգլիական պարբերականները, քանի որ դրանք լայնորեն լուսաբանել էին Գլադստոնի ելույթը։ Հայաստանին ուղղված Գլադստոնի աջակցությունը դրանով չսահմանափակվեց: Որպես բրիտանական քաղաքականության «Ավագագույն Ծերուկ»՝  նա օգտագործեց իր ազդեցությունը՝ աջակցություն ստանալու հայկական հարցում։ Նա ներգրավեց դիվանագիտական ջանքերը, հանդիպեց առաջնորդների հետ և օգտագործեց իր կապերի լայն ցանցը՝ հասնելու միջազգային միջամտության։ Բարոյական բարձր արժեքներն ու հեղինակությունը՝ զուգորդված անզուգական հռետորությամբ, նրան դարձրեցին արդարության։

Հարցազրույցի բնօրինակը՝ այստեղ։

--00—ՅՄ