Նոր մտածելակերպ և նոր մոտեցումներ բժշկության մեջ. հայ-սինգապուրյան համագործակցություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24news

photo_2023-07-03_11-48-22

Աշխարհի առաջատար բժշկական կենտրոններից մեկի՝ Սինգապուրի Ազգային համալսարանի (NUS) հիվանդանոցի սրտի, կրծքային և անոթային վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Թեոդորոս Կոֆիդիսն այս օրերին Հայաստանում է։

Բացառիկ այցի շրջանակում նա հայ մասնագետներին է ներկայացրել Սինգապուրի համալսարանական հիվանդանոցի առաջատար բժշկագիտական փորձն ու նորարարությունները, սրտի վիրաբուժական միջամտության ամենաժամանակակից մեթոդները և դրանց կիրառման միջոցները Հայաստանում։

Պրոֆեսոր Կոֆիդիսի՝ Հայաստան այցի հնարավորությունը քննարկվել էր դեռևս 2021թ. նոյեմբերին՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սինգապուր աշխատանքային այցի ժամանակ։ Արմեն Սարգսյանն այցելել էր Սինգապուրի Ազգային համալսարանի (NUS) բժշկագիտական դպրոց (NUS Medicine)։

Նա պայմանավորվածություն էր ձեռք բերել առողջապահության բնագավառում հայ-սինգապուրյան փոխգործակցության, մասնավորապես՝ հայ մասնագետների հետ փորձի փոխանակման, վիրաբուժական միջամտության ամենաժամանակակից մեթոդները Հայաստանում նույնպես կիրառելու վերաբերյալ։ Պայմանավորվածության համաձայն՝ 2022 թվականին հայ բժիշկների խումբը՝ կարդիովիրաբույժ Մհեր Սուսանին, սրտաբան Կարինե Սարգսյանը և անեսթեզիոլոգ Եվա Կրասնիկովան, այցելել էին Սինգապուր, ծանոթացել սինգապուրյան փորձին և քննարկել Հայաստանում ևս սրտի մինիինվազիվ, այսինքն՝ փոքր կտրվածքներով վիրահատություններ կատարելու հնարավորությունը:

Պրոֆեսոր Թեոդորոս Կոֆիդիսի այցը Հայաստան հենց այս պայմանավորվածության և փոխգործակցության շարունակությունն է:

Այցի շրջանակում նա «Աստղիկ» բժշկական կենտրոնում հատուկ դասախոսություն է կարդացել և հայ մասնագետներին ներկայացրել սրտի մինիինվազիվ վիրահատությունների ու այս հարցում նորարարական լուծումների կիրառման, բուժառուի ապաքինման ընթացքի վերաբերյալ սեփական փորձը, հետազոտական աշխատանքները, մասնավորապես՝ թե ինչպես գիտության ու նորարության մեկտեղմամբ ստեղծել հաջողակ բազմաֆունկցիոնալ համակարգ։

Քննարկմանը հատուկ անդրադարձ է կատարվել նաև միտրալ փականի անբավարարության հաղթահարման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին։

Պրոֆեսոր Կոֆիդիսը հանդիպել է նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենի հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել բժշկական կենտրոնի և Սինգապուրի համալսարանական հիվանդանոցի միջև կնքել փոխըմբռնման հուշագիր՝ հստակեցնելու համագործակցության ուղիներն ու նախանշելու առաջիկա քայլերը, այդ թվում՝ համագործակցություն գիտության, վիրաբուժության, դեղամիջոցների և այլ ուղղություններով, հիվանդանոցների վերափոխում սմարթ բուժկենտրոնների՝ օգտագործելով մետավերսը։ Այս ամենը պահանջում են մշտական շփումներ, պարբերաբար փոխայցելություններ, վերապատրաստումներ ու փորձի փոխանակում:

իկըհիկ

Պրոֆեսոր Կոֆիդիսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի չորրրոդ նախագահ Արմեն Սարգսյանին, ով կանգնած է այս գործընթացի ակունքում, և ում շնորհիվ հնարավոր է դարձել այս կարևոր համագործակցությունը։ «Նախագահ Սարգսյանը և նրա թիմն ավելի քան մեկ տարի առաջ այցելեցին Սինգապուր։ Մենք հնարավորություն ունեցանք ներկայացնել մեր ակադեմիական բժշկական կենտրոնը և ծանոթացնել մեր գործունեությանը։ Որպես Սինգապուրի Ազգային համալսարանական հիվանդանոցի սրտի, կրծքային և անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար՝ կատարում եմ տարբեր տեսակի վիրահատություններ։ Ունենք մինիմալ ինվազիվ վիրահատությունների, ինչպես նաև անոթային վիրահատությունների կենտրոններ։ Իրականացնում ենք բազմաթիվ հետազոտություններ՝ կարևորելով նորարարությունների ներդրումը:

Նախագահ Սարգսյանն ու նրա թիմը մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ոչ միայն տեխնիկական, այլև նորարարական հատվածի հանդեպ։ Նախագահն այցելեց մեր հիվանդանոց և լաբորատորիա, որը ղեկավարում եմ ես, և որտեղ ներդրվում են մեր իսկ հեղինակած բազմաթիվ նորարարությունները։ Մեր համալսարանում ստեղծել ենք բժշկատեխնոլոգիական կենտրոն, որի նկատմամբ նախագահ Սարգսյանը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց։

Արմեն Սարգսյանի հետ շատ հետաքրքիր քննարկումներ ունեցանք, թե ինչպես համագործակցել և բերել այդ նորարարություններն ու նախաձեռնությունները Հայաստան։ Ուրախ եմ Հայաստան այցելության ու հայ գործընկերների հետ համագործակցության շուրջ քննարկումներ ունենալու հնարավորության համար»,- ասել է Թեոդորոս Կոֆիդիսը։

Նա նշել է հայաստանցի մասնագետների, մասնավորապես՝ կարդիովիրաբույժ Մհեր Սուսանիի և սրտաբան Կարինե Սարգսյանի հետ ակտիվ փոխգործակցության մասին՝ ընդգծելով, որ շատ հաճախ տարբեր ոլորտներում, այդ թվում և՝ բժշկության մեջ առաջընթացը պայմանավորված է նաև անձնական բարեկամությամբ ու կապերով. «Աշխարհը շատ ավելի բարենպաստ ու ապահով կլինի, եթե լավ մարդիկ ավելի շատ բարի գործեր անեն։ Մենք ցանկանում ենք լինել այն մարդկանցից, ովքեր բարի գործեր են անում, տվյալ դեպքում՝ համագործակցություն հաստատել Սինգապուրի և Հայաստանի միջև։

Սինգապուրը Հայաստանին շատ է նման, փոքր երկիր է՝ շրջապատված ավելի մեծ երկրներով։ Սակայն Սինգապուրն իր հետքն է թողել տարածաշրջանում՝ դառնալով առաջընթացի, նորարարությունների, ֆինանսների ու տնտեսության զարգացման առաջամարտիկ։ Այն դարձել է հրապուրիչ մի վայր, ուր շատերն են այցելում, այդ թվում և՝ բժշկական զբոսաշրջության նպատակով։

Նախագահ Սարգսյանի, ինչպես նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկների հետ շփումներից տպավորություն ունեմ, որ Հայաստանը մեծ ներուժ ունի՝ զարգանալու որպես անկախ բժշկական ու վիրաբուժական հանգույց, այնպես, ինչպես Սինգապուրը։

Մեր համագործակցությունը հնարավոր է տարբեր ուղղություններով՝ կրթություն, հետազոտություն, նորարարություն, հիվանդի խնամք և այլն։ Մենք կարող ենք աշխատել միասին՝ Հայաստանն ու հայաստանյան հիվանդանոցները ևս դարձնելու գրավիչ վիրաբուժական հանգույց»,- ընդգծել է Սինգապուրի Ազգային համալսարանի հիվանդանոցի սրտի, կրծքային և անոթային վիրաբուժության ամբիոնի վարիչը։ Նա տեղեկացրել է նաև, որ այս տարվա վերջին հայ մասնագետները կրկին կայցելեն Սինգապուր՝ ավելի խորությամբ  ուսումնասիրելու սրտանոթային վիրաբուժության սինգապուրյան փորձը։

«Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտային վիրաբուժության բաժնի ղեկավար Մհեր Սուսանին բարձր է գնահատել Սինգապուրից ժամանած հայտնի մասնագետի հետ աշխատելու, նրանից սովորելու հնարավորությունը։ «Աշխարհն անընդհատ առաջ է շարժվում։ Մենք մոտավորապես արդեն 30 վիրահատություն ենք իրականացրել Սինգապուրի հիվանդանոցի տեխնիկայով, այդ թվում՝ նաև վիրահատել ենք երեխայի։ Կուզեինք մեր վիրահատությունների գոնե վաթսուն տոկոսն անել այսպիսի տեխնիկայով։ Հիմա հիվանդանոցում հիվանդ ունենք, ում սրտի երկու փականը փոխված է ընդամենը կրծքի տակից 6 սմ կտրվածք անելով։ Սա ոչ միայն նոր բժշկություն է, այլև նոր մտածելակերպ բժշկության մեջ, նոր մոտեցումներ հիվանդի սպասարկման, պաշտպանության ասպարեզում: Եվ հուրախություն մեզ, դա սկսվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնից:

Սինգապուրցի մասնագետներն ամեն ինչ անում են մեզ սովորեցնելու և ավելի հմուտ դարձնելու համար, ինչը մեզ շատ է ուրախացնում»,- ասել է նա։ Մհեր Սուսանին նույնպես հայ-սինգապուրյան համագործակցության կայացման մեջ կարևորել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես նաև սրտաբան Կարինե Սարգսյանի գործուն աջակցությունը, ովքեր անձամբ հետևողական են, որ փոխգործակցությունը սահուն ընթացք ունենա։

--00—ՅՄ