Թուրքիան չպետք է «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումն ընկալի որպես ՀՀ արտաքին քաղաքականության դրսևորում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում: Ես այս հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ: Որոշումը կայացվել է ՏԻՄ-ում, և ես չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումը այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում և ոչ բարիդրացիական քայլ։ Այս մասին Անկարայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, խոսելով Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի տեղադրման մասին։

Սիմոնյանը նշել է, որ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից, իսկ այս մակարդակում կայացված որոշումներին վերջին ամիսների ընթացքում ականատես են բոլորը։

«Մենք պետք է հասկանանք, որ ցանկության դեպքում միշտ կարելի է պատճառներ, առիթներ գտնել հարաբերությունները վատացնելու համար: Ես էլ կարող էի հազար տարբեր պատճառ գտնել Թուրքիա չժամանելու համար: Բայց ես այստեղ եմ, որպեսզի թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման»,-ասել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ