Ադրբեջանը խաթարում է խաղաղության հաստատման ջանքերը․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ իտալացի գործընկերոջը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

պ

Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունները Երևանում անցկացրին քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։ Հայկական կողմից խորհրդակցությունները ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ իտալական կողմից՝ Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելին։

Կողմերը քննարկեցին փետրվարին Հռոմում անցկացված վերջին խորհրդակցությունների արդյունքները և բարձր գնահատեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը։ Քննարկվեց երկկողմ հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի և Իտալիայի տնտեսական կապերի ընդլայնման ուղիները, ինչպես նաև համագործակցությունը մշակութային, կրթական, գիտական և մի շարք այլ ոլորտներում: Անդրադարձ կատարվեց նաև բազմակողմ համագործակցությանը, այդ թվում Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը։

Պարույր Հովհաննիսյանը իտալացի գործընկերոջը ներկայացրեց տարածաշրջանում առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերը։ Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, այդ թվում՝ նաև վերջին շրջանի, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամին՝ նշեց, որ Ադրբեջանի կեցվածքը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ջանքերը: Այս համատեքստում նա շեշտեց Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը և ընդգծեց Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը:

--00—ԱՊ