Մոտ 1 մլն մարդ ապրում է բազմահարկ շենքերում, եթե 6 մագնիտուդից բարձր երկրաշարժ լինի, գուցե չդիմանան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Մոտ 1 մլն մարդ ապրում է բրեժնևյան, խրուշչովյան ժամանակաշրջանում կառուցված բազմահարկ շենքերում, որոնք նախագծված են 6 մագնիտուդ սեյսմակայուն հաշվարկի համար, եթե 6 մագնիտուդից ավելի ցնցումներ լինեն, այդ շենքերը կարող են չդիմանալ: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ճարտարապետության թեկնածու, միջազգային ճարտարապետական ակադեմիայի պրոֆեսոր Տելեմակ Անանյանը:

Ճարտարապետի խոսքով, նորանկախ Հայաստանի շրջանում կառուցված շենքերը ևս խնդիրներ ունեն, բայց հիմնական խնդիրները ստալինյան շենքերից հետո է առաջացել՝ Խրուշչովի, Բրեժնևի ժամանակաշրջանի կառույցները բավական խնդիրներ ունեն: Ինչ վերաբերում է նորակառույց շենքերին, ապա Անանյանը նշեց, որ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո բավական խիստ նորմեր ընդունվեցին, այժմ սեյսմիկ կոնստրուկտիվ օրենքները խիստ են պահպանվում, նախագծերը կատարվում են պատշաճ որակով, բայց կարևոր է նաև վերահսկել շինարարի, ցեմենտ-բետոնի որակը, որտեղ ևս խնդիրներ կան՝ ցեմենտի գողությունից մինչև տեխնոլոգիական պրոցեսները չապահովվելը, որոնք տեղում հնարավոր չէ բացահայտել:

«Մարդու կյանքից ավելի կարևոր բան չկա, 7 մլրդ արտաքին պարտք ունենք, բայց եթե պետք է՝ ևս յոթ կամ տասնյոթը պետք է վերցնել ժողովրդին հրատապ կարգով վերաբնակեցնել և սկսել կառուցել նորերը: Ուշ թե շուտ պետք է հին կառուցված պանելային բազմահարկերից ազատվել, քանի որ նախատեսված են 6 մագնիտուդ երկրաշարժի համար, հայտնի արտահայտություն կա՝ ինչքան հեռանում ենք հին երկրաշարժից, այնքան մոտենում ենք հաջորդ երկրաշարժին: Մեր տարածաշրջանում ամեն հարյուրամյակում ունեցել ենք երկուսից- երեք ավերիչ երկրաշարժ»,-ավելացրեց Անանյանը:

Անդրադառնալով քաղաքի դիմագծի, շենքերի տեսքի խնդրին՝ ճարտարապետը նշեց, որ քաղաքում խառնիճաղանջ գովազդները, առաջ տված պատշգամբները, մանսարդները, շենքերից դուրս եկած օդորակիչները խոսում են թույլ պետության մասին, պետությունը չի կարողանում կարգավորել փողոցի վրայի վահանակների ամրացումը, չկա փողոց, որ չլինեն քաոսային զարգացած ձեղնահարկեր և այլ խնդիրներ:

«Որոշ ոչ կոմպետենտ, սիրողական մակարդակ ունեցող անձանց խորհրդով առանց այդ էլ թույլ ու խալխլված գլխավոր ճարտարապեների ինստիտուտը լուծարվեց, նեղացրեցին մեծ ավանդ ունեցող մարդուն՝ Արթուր Մեսչյանին, և փոխանակ այդ ինստիտուտը ուժեղացնեին, այդ հաստիքները թափուր մնացին: Հիմա ավերում ենք մշակութային շենքերը՝ Երաժշտական պալատը, Զվարթնոցը, դրսում հիմա շատերն ասում են՝ հայերը եկեղեցուց բացի ոչինչ չեն կառուցել»,- ընդգծեց Անանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ