Հունվարի 18-ից Արցախի բոլոր 118 դպրոցները փակվել են․ 20,000 երեխա զրկված է կրթության իրավունքից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

dproc1.jpg

Շրջափակման 47-րդ օր․ Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացնում է ամփոփ տվյալներ Արցախից։

Շրջափակման և ադրբեջանական կողմի հրահրած էներգետիկ ճգնաժամի պատճառով Արցախի կառավարությունը բնակիչներին վառելափայտ և վառարաններ է տրամադրում

Ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից շրջափակման, գազամատակարարման և էլեկտրամատակարարման խափանման պատճառով Արցախի բնակիչները, որպես ջեռուցման և սնունդ պատրաստելու այլընտրանքային տարբերակ, ստիպված սկսել են իրենց բնակարաններում փայտի վառարաններ տեղադրել։ Այդ հարցում պետությունը, իր սուղ հնարավորությունների սահմաններում, աջակցում է բնակչությանը։ Արդեն 135 քաղաքացի ստացել է ընդհանուր առմամբ 346 խորանարդ մետր վառելափայտ: Քաղաքացիներին տրամադրվել է նաև 26 կոմպլեկտ-վառարան։

Արցախում մասամբ վերականգնվել է գազամատակարարումը

Հունվարի 26-ին Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը վերականգնվել է: Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը դադարեցվել է: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։ Ադրբեջանական կողմը, գրեթե ամենօրյա ռեժիմով խափանելով և մասնակի վերականգնելով Արցախ մուտք գործող միակ գազատարի աշխատանքը, ակնհայտ հոգեբանական ահաբեկչություն է իրականացնում Արցախի խաղաղ բնակչության դեմ։

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա համայնքների բնակչության հետ

Պետնախարարը նշել է, որ բոլոր միջոցներով աշխատանք է տարվում ապաշրջափակման ուղղությամբ, բայց, մյուս կողմից, կառավարությունը պարտավոր է պատրաստ լինել և հնարավոր բոլոր սցենարների պարագայում ապահովել բնակչության առնվազն նվազագույն կենսական կարիքները: Խոսելով շրջափակման պատճառների մասին՝ նա ընդգծել է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կոտրել արցախահայության ոգին ու ճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը և նշել է, որ իրեն հպարտ է զգում՝ տեսնելով արցախահայության տոկունությունը. «Այս փորձությունների միջով ստիպված ենք անցնել՝ հանուն Արցախը հայկական պահելու և հանուն մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանության: Սա դժվար ճանապարհ է. չեմ կարող խոստանալ, որ խնդիրներ չեն լինելու, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը»: Բոլոր երեք համայնքներում հանդիպումների մասնակիցները վստահեցրել են, որ այդ ճանապարհին այլընտրանք չեն տեսնում, և այդ նպատակի համար պատրաստ են դիմակայել բոլոր դժվարություններին:

Օրվա վիճակագրական թարմացումներ

-10 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

-9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

-Արդեն 171 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

-ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 515 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

-Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 46 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

-Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։

Ավելի քան 18,400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Կարևոր փաստեր

  • Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 47 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
  • Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:
  • Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ։
  • 6,828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ և նախակրթարան հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից:
  • Հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 118 դպրոցների աշխատանքը՝ ավելի քան 20,000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից:

Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:

--00—ԶՀ