Բացօթյա վայրերում ստեղծագործական ելույթների կանոնակարգումը նախատեսվում է վերապահել ավագանուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2724News

,

Փողոցներում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի բացօթյա վայրերում՝ փողոցներում, մայթերին, հրապարակներում, այգիներում, պուրակներում եւ այլ տեղերում, մշակութային գործունեության իրականացման կարգը: Խոսքը վերաբերում է շրջիկ երաժիշտներին, նկարողներին, երգող-պարողներին եւ նմանատիպ գործունեություն իրականացնողներին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասինե օրենսդրական փաթեթը:

Վաչե Տերտերյանը նշել է, որ հատկապես քաղաքի որոշակի հատվածներում այդպիսի գործունեության արդյունքում մթնոլորտ ու ճաշակ է ձեւավորվում: Ուստի առաջարկվում է, որ Երեւանում եւ համայնքներում այսուհետեւ այդպիսի գործունեության իրականացման պայմաններն ու պահանջները սահմանեն համայնքների ավագանիները: Այսինքն՝ կախված համայնքի կամ բնակավայրի առանձնահատկություններից՝ սահմանվեն կանոններ եւ վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժեր: Առաջարկվում է սահմանել տույժ՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի, իսկ կրկնվելու դեպքում՝ 200-ապատիկի չափով: Նախատեսվում է նաեւ անձնական սեփականության գործիքների բռնագանձում: Ըստ փոխնախարարի՝ այս խնդիրը միշտ եղել է, սակայն վերջերս, կապված տուրիստական ակտիվ հոսքի հետ, գործունեություն են ծավալում մարդիկ, որոնց աշխատանքը չի կանոնակարգվում: Այդպիսի վայրերից են Հյուսիսային պողոտան, Հանրապետության հրապարակը, Գառնու տաճարի հարակից հատվածը, Գեղարդի տաճարի մուտքը, Գյումրիի հրապարակի հարակից տարածքները եւ այլն: «Մինչեւ ուշ գիշեր ականատես ենք լինում անհասկանալի տպավորություն ձեւավորող բաների, էլ չասած՝ տեսքի ու ճաշակի»,- ասել է Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարի խոսքով նախաձեռնության նպատակը բացօթյա վայրերում ստեղծագործական գործունեություն ծավալողների սահմանափակումները չեն, այլ՝ խնդրի կանոնակարգումը: Այդ նպատակով ուսումնասիրվել է նաեւ միջազգային փորձը:

Նախաձեռնությունը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նիստը կայացել է հունվարի 27-ին

--00--ԱՀ