Առողջապահության նախարարի առաջին տեղակալը Տալլին քաղաքում է, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

326000832_1579085279230287_3108183662988145180_n

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում Էստոնիայի Տալլին քաղաքում է, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել Էստոնիայում առողջապահության բնագավառը համակարգող պատասխանատուների հետ։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

Էստոնիայի սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Հեյդի Ալասեփի հետ Լենա Նանուշյանը քննարկել է առողջապահության ոլորտում հայ-էստոնական  համագործակցության հիմնական ուղղությունները:

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման բարեփոխումների, հաջողությունների, ինչպես նաև խնդիրների թեմայով Լենա Նանուշյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի առողջության ապահովագրության հիմնադրամի նախագահ Ռայն Լանեի հետ:

Քննարկվել են ֆոնդի կառավարմանը, գնումներին, ապահովագրական վճարի հավաքագրմանը, ինչպես նաև որակի վերահսկողությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է եղել թվայնացման, բժշկական կազմակերպություններից տեղեկատվության հավաքագրման, վերլուծության ու վճարումների իրականացման էստոնական փորձին:

Լենա Նանուշյանը հանդիպել է նաև Էստոնիայի սոցիալական հարցերի առողջապահական համակարգի զարգացման վարչության պետ Հելի Պալուստեի հետ` քննարկելու ԱԱՊ օղակի բարեփոխումները, որին հաջորդել է այցը ԱԱՊ օղակի  ընտանեկան բժշկական առողջական կենտրոն, որտեղ  ներկայացվել են ընտանեկան բժիշկների գործառույթները, կառուցվածքը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, վճարումները:

Լենա նանուշյանը ծանոթացել է նաև էստոնիայի բնակչությանը մատուցվող բուժծառայություններին և կանխարգելիչ սքրինինգային ծրագրերին:

--00—ՅՄ