Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից 23 տարի է անցել, 2019-ին վերաբացված քրգործը ընթացքի մեջ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

1

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 23-րդ տարելիցն է։ 1999 թ․ այս օրը ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ լրագրող Նաիրի Հունանյանի գլխավորած խումբը զինված ներխուժեց խորհրդարան։

Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը: Հետագայում Նաիրի Հունանյանը ցուցմունք տվեց և հայտարարեց, թե ինքը պետական մակարդակով ահաբեկչական ծրագրեր է ունեցել 1991 թվականին, բայց հանգամանքների բերումով չի կարողացել իրագործել:

Վիրավորված պատգամավորներին և կառավարության անդամներին որոշ ժամանակ անց դուրս թողեցին։ Գերի էին նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց ևս ահաբեկիչները դուրս թողեցին։ Մյուսներին ազատ արձակեցին հոկտեմբերի 28-ի լուսադեմին։

Ահաբեկչության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը, 8 մարդ վիրավորվել էր, իսկ 91-ը՝ գերեվարվել։

2003 թվականին ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների վճիռը հրապարակվեց։ 6 անձ դատապարտվեց ցմահ։ Այդ անձինք էին Վեց դատապարտյալները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Նրանցից մեկը՝ Համլետ Ստեփանյանը, դատապարտվեց 14 տարվա ազատազրկման։ 

Ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը: Վռամ Գալստյանն ըստ պաշտոնական վարկածի՝  2004 թ․-ի ապրիլի 27-ին ինքնասպան է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը  մահացել է 2010 թ․-ի մայիսին սրտի կաթվածից:

2019 թ․ ահաբեկչության կազմակերպիչների դրվագով տուժողի իրավահաջորդներից Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա քրեական գործը վերաբացվեց, սակայն նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է։

--00—ԼՄ