Ցյուրիխում գործարկվել է Շվեյցարիայի առաջին «Թումո» կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների միջազգային կենտրոնների ցանցը համալրվել է ևս մեկով. օրերս իր դռները բացեց Ցյուրիխի «Թումո» կենտրոնը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից,
«Թումո»-ի և թվային կրթությամբ զբաղվող շվեյցարական Creative Technologies Lab նախագծի հետ համագործակցության արդյունքում բացված կենտրոնը անվճար հիմունքներով կմատուցի «Թումո»-ի կրթական ծրագիրը 8 ուղղությամբ` ռոբոտաշինություն, անիմացիա, խաղերի ստեղծում, ծրագրավորում, երաժշտություն, ֆիլմերի ստեղծում, եռաչափ մոդելավորում և գրաֆիկական դիզայն:

«Ծրագիրը կգործի գերմաներեն, հետագայում նաև ֆրանսերեն և իտալերեն լեզուներով: Սկզբնական շրջանում Ցյուրիխի Թումոն կունենա 700 ուսանող, սակայն շվեյցարացի գործընկերները արդեն իսկ նախատեսում են կենտրոնի ընդլայնումը։ Ծրագիրը կընդլայնվի ոչ միայն Ցյուրիխում, այլև Շվեյցարիայի այլ քաղաքներում. մշակման ընթացքում է երկրում մի քանի Թումո կենտրոններ և տուփեր տեղադրելու նախագիծը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Նշվում է, որ «Թումո»-ի կրթական ծրագիրը արդեն գործում է Բեռլինում, Փարիզում և Լիոնում, Մոսկվայում, Տիրանայում, Կիևում, նախատեսվում է, որ մոտ ապագայում նոր կենտրոններ են հիմնադրվելու Լոս Անջելեսում, Ֆրանկֆուրտում, Կոիմբրայում և այլ քաղաքներում։

--00--ԱՀ