ԱԺ նախագահը կոչ է արել միջազգային գործընկերներին դատապարտել ադրբեջանական ռազմական ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

․

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Մարտինեսին Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հետագա հաջողություններ: Շնորհավորելով Իսպանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայ-իսպանական համագործակցությունը հիմնված է ոչ միայն երկու ժողովուրդների դարավոր կապերի, այլև ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության հիմնարար արժեքների վրա:

Հանդիպմանը զրուցակիցները փաստել են երկկողմ փոխգործակցության ակտիվացման և փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունների սահմանման կարեւորությունը:

ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու՝ Իսպանիայի կառավարության որոշման կապակցությամբ:

Կողմերն անդրադարձել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիային և փխրուն հրադադարին: ՀՀ ԱԺ նախագահը կոչ է արել բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Իսպանիային, խստորեն և ուղիղ դատապարտել ադրբեջանական ռազմական ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի կոպտագույն խախտումները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իսպանիայի դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի կենդանի և դինամիկ ժողովրդավարությունը լավ օրինակ է, ինչն էլ դրվելու է հետագա նախագծերի առանցքում: 

--00--ԱՀ

Տեսանյութեր