Հանրահավաքի ժամանակ ՔՊ պատգամավորների մի մասը կառավարական ամառանոցում են եղել․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 14-ին՝ Ազգային ժողովի դարպասների առջեւ տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մի մասը կառավարական ամառանոցում՝ Նիկոլ Փաշինյանի կեցավայրում են եղել:

«Բացի այն, որ ուղիղ եթերով նայել են, թե ինչ է կատարվում ԱԺ դարպասների առջեւ, նաեւ որոշել են, թե որն է լինելու իրենց քայլերի հաջորդականությունը: Փաշինյանը նրանց փոխանցել է, որ թեեւ սահմանի վիճակը գնալով կայունանում է, բայց պետք է այնպես անել, որ հասարակությանը շեղեն այդ օրակարգից: Լավագույն տարբերակ է ընտրվել հերթական անգամ ընդդիմադիրներին թիրախ դարձնելը»,- ասաց «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դա էր պատճառը, որ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ՔՊ-ականները խորհրդարանում, իրար հերթ չտալով, մեկը մյուսի մեջ մրցավազքի մեջ մտնելով, քննադատեցին ու դատափետեցին ընդդիմադիրներին գրեթե ամեն ինչի՝ թալանից մինչեւ բռնի ուժով իշխանազավթման եւ ընդդիմադիր դաշտը զավթելու համար: Իշխանականները մոռացան թերեւս ընդդիմադիր պատգամավորներին նաեւ Քենեդու սպանության համար մեղադրել, այդպես գուցե նաեւ ամերիկացիներին սիրաշահող նոտա հղեին:

Զավեշտը՝ զավեշտ իհարկե, բայց փաստն այն է, որ հասարակությունը վաղո՜ւց հոգնել է «նախկիններն են մեղավոր» անդուլ ու ծեծված թեզից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ