ԼՂ հակամարտությունն իր կարգավորումը պետք է ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

16621159778372.jpeg

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է  ՄԱԿ Քաղաքական և խաղաղաշինության հարցերով վարչության Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկաների հարցերով Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ  Միրոսլավ Յենչային։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՄԱԿ ԳՔ փոխտեղակալի այցը լավ հնարավորություն է քննարկելու Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները և առկա խնդիրների հասցեագրման գործում ՄԱԿ-ի ներգրավվածության հեռանկարները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՄԱԿ համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Կարևորվել է ՄԱԿ-ի և Հայաստանի միջև Կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային կարևորություն ունենցող մի շարք հարցերի:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր համապարփակ և տևական կարգավորումը պետք է ստանա միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար խնդիրներին, նախարար Միրզոյանը կարևորել է ՄԱԿ-ի համապատասխան մարմինների տեղում անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը՝ հետևելով նաև ՄԱԿ-ի «չանտեսելով ոչ ոքի» սկզբունքին: Նախարար Միրզոյանի կողմից շեշտվել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների վերադարձի, անհետ կորած անձանց և բռնի անհետացածների ճակատագրերի պարզաբանման կարևորությունը։

--00—ԶՀ