Ձայնագրությունում այլ անձանց մասին խոսակցությունները հրապարակել չեմ կարող․բարոյական իրավունքը չունեմ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 11, 24News

Վարդազարյան

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն ուրբաթ՝ հունիսի 8-ին, վկայի կարգավիճակով հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության՝ իր հրապարակած ձայնագրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ռուբեն Վարդազարյանը:

«Հարցաքննության ընթացքում ինձ խնդրել են տրամադրել ձայնագրության ամբողջական տարբերակը, սակայն ես մերժել եմ: Ես հրապարակել եմ ձայնագրության այն հատվածները, որոնք վերաբերում են իմ անձին եւ գործունեությանը, ընդ որում՝ հրապարակել եմ բոլոր այն հատվածները, որոնք ինձ են վերաբերում, որպեսզի խեղաթյուրում չլինի: Եվ որպես փաստ է արձանագրվում է, որ իմ նկատմամբ կատարվող գործընթացը քաղաքական հետապնդում է: Այլ անձանց եւ իրադարձությունների մասին խոսակցությունները, որոնք եղել են հանդիպման ընթացքում, ես հրապարակել չեմ կարող, որովհետեւ դրա բարոյական իրավունքը չունեմ, իսկ իմ վերաբերյալ հատվածները հրապարակելու ե՛ւ բարոյական, ե՛ւ իրավական իրավունքներն ունեմ: Իմ կարծիքով՝ ձայնագրության ամբողջական տարբերակը գործի ընթացքը փոխել չի կարող»,- նշեց նա։

Ռուբեն Վարդազարյանի խոսքով՝ իր հետ անցկացված հարցաքննությունն ինքը գնահատում է արդար եւ օբյեկտիվ: «Հարցադրումների որակից եւ սրումից, ես պատկերացրի, որ եթե ես լինեի քննիչը, օբյեկտիվորեն կտայի հենց այդ հարցերը, որոնք ինձ են տրվել: Ցանկացած նախաքննություն՝ առնվազն սկզբնական փուլում, նշանակում է, որ առերեւույթ հանցագործության հատկանիշներ են հայտնաբերվել: Ես զգացել եմ, որ քննիչներն այդ առերեւույթ հանցագործությունը նկատել են, եւ քննությունը գնում է իր բնականոն հունով: Թե ընթացքն ինչպես կդասավորվի, չեմ կարող ասել»,- ընդգծեց Վարդազարյանը:

Նա նշեց, որ ինքը տեղեկություն չունի՝ ԲԴԽ նախկին անդամ Գագիկ Ջհանգիրյանը եւս հրավիրվել է հարցաքննության, թե՝ ոչ:

Ռուբեն Վարդազարյանի խոսքով՝ բավական ծավալուն թեմա է այն, թե ինչու ԲԴԽ նախագահի ընտրությունների ժամանակ խորհրդի դատավոր անդամները չընտրեցին գիտնական անդամներին եւ խորհուրդն այդպես էլ նախագահ չունեցավ։

«Դատական իշխանության անկախությունը պահելու եւ պրոֆեսիոնալ մարդ ընտրելու անհրաժեշտություն կա, այսինքն՝ մարդ, որը ծանոթ է դատական համակարգին, դատական իշխանությանը, խնդիրներին ու մարտահրավերին, որոնք ծառացած են դատական իշխանության առջեւ: Պետք է լինի այնպիսի մարդ, որն առնվազն մտահոգ է, բանիմաց եւ արհեստավարժ է այդ հարցում: Կարծում եմ՝ գիտնական անդամների շարքում նման մարդու չեն գտել»,- ասաց ԲԴԽ նախկին նախագահը։

Ռուբեն Վարդազարյանը չբացառեց, որ ԲԴԽ անդամներից տարիքով ավագ Ստեփան Միքայելյանը հրաժարվեց լինել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, քանի որ մասնակցել է իր եւ Գագիկ Ջհանգիրյանը հանդիպմանը. «Ենթադրում եմ, որ նաեւ դա է պատճառներից մեկը եղել»:

Հարցին, թե հնարավոր է, որ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարականի պատճառը, ոչ թե առողջական խնդիրներն են, այլ ձայնագրությունը, Վարդազարյանը պատասխանեց.  «Հնչել է, որ առողջական խնդիրներ են պատճառը: Մնացածն արդեն ընթերցողի ճաշակին, հավատալուն կամ չհավատալուն եւ առողջ տրամաբանությանն է թողնված: Իրականությունը ոչ մեկը չի իմանա»:

--00--ԱՀ