Հրապարակված ձայնագրությունը միայն դրական առումով է ազդում իմ հեղինակության վրա

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News 

Վարդազարյան

«Հրապարակ» թերթը գրում է․ 

«ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի պաշտպանները բողոք են ներկայացրել դատարան՝ վիճարկելով Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, և պահանջել են դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Երկու բողոքները քննվում են տարբեր դատավորների վարույթում։ Առաջինը քննում է Երևանի Կենտրոն դատարանի դատավոր՝ նախկինում Նոր Նորքի դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը, իսկ երկրորդը՝ Արմինե Մելիքսեթյանը։

Երեկ պետք է դատական նիստ կայանար, սակայն հետաձգվել է։ Վարդազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատախազությունն ուզում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Դավիթ Հարությունյանին։ Պարզ է՝ չեն ուզում, որ անկախ և ինքնուրույն դատավորի համարում ունեցող Հարությունյանը քննի այս բողոքը։ Ակնհայտ է, որ հերթական փուչիկ քրեական գործը կարող է դատարանում փլվել և հերթական անգամ խայտառակել դատախազությանը։

Ռ․ Վարդազարյանն անդրադարձավ նաև օրերս համացանցում հրապարակված սկանդալային ձայնագրությանը, որտեղ դատավոր Արմեն Բեկթաշյանն ինչ-որ անձանց հետ զրույցում պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը զանգահարել իրեն և խնդրել կալանքից ազատել Ալավերդցի Վահագն անունով քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանին։ Հարցրինք նրան՝ հնարավո՞ր է այս ձայնագրությունը քննության առարկա դառնա նախաքննական մարմնի կողմից։ 

«Չեմ կարծում, որ կարող է ապօրինի ձայնագրությունը քննության առարկա դառնալ»,- ասաց նա։

- Բայց Դուք պարզե՞լ եք՝ որքանով է այդ ձայնագրությունն ապօրինի, ով է դա կատարել, ինչ նպատակով։

- Չէ, տեղյակ չեմ։ Եթե օրինական լիներ, նախաքննական մարմինը կամ օպերատիվ մարմինը կհրապարակեր։ Եթե հայտնվել է իշխանական կայքերից մեկում, ենթադրում եմ, որ ապօրինի է եղել։

- Իսկ պա՞րզ է, թե ովքեր են խոսում դատավոր Բեկթաշյանի հետ այդ ձայնագրության մեջ։

- Չէ, պարզ չէ, թող նախաքննությունը պարզի։

- Դուք այս հարցով դիմելո՞ւ եք դատարան, որ պարզեք, թե ինչու են գաղտնալսել։

-Իսկ ո՞ւմ են գաղտնալսել։ Դուք ասում եք՝ Վարդազարյանի սկանդալային ձայնագրություն, Վարդազարյանը մի հատ ձեն հանե՞լ ա էդ ձայնագրության մեջ։ Բեկթաշյանն ինքն իրեն խոսում ա, մենախոսություն է՝ ըստ ձայնագրության։ Ի՞նչ կապ ունի Վարդազարյանը դրա հետ։

- Ձեր թեմայով է, Ձեր մասին է խոսում, դրա համար են այդպես ասում, ձայնագրության հրապարակման վրա էլ Ձեր նկարն էր դրված։

- Եթե իմ նկարն են դրել, ուրեմն ի՞մ մասին է։ Իսկ ինչո՞ւ գլխավոր դատախազի նկարը չեն դրել, նրա մասին էլ է խոսվում։

- Ամեն դեպքում, այս ձայնագրությանն ինչ-որ իրավական գործընթաց պե՞տք է հետևի, ի՞նչ եք կարծում։

- Վստահ եմ, որ իրավական հետևանք լինելու է։

- Ո՞ւմ կողմից է դա նախաձեռնվելու, փաստացի սա Ձեր հեղինակության վրա է ազդում։

- Իմ հեղինակության վրա՞ է ազդում։ Դա միայն դրական առումով է ազդում իմ հեղինակության վրա։

- Ինչո՞վ։ Մարդիկ ասում են՝ տեսա՞ք, Վարդազարյանը, ամեն դեպքում, փորձել է միջամտել արդարադատությանը՝ զանգել, ասել է դատավորին, որ ազատ արձակի։ 

- Ասել է՝ ուշադիր եղիր, սա պետության խնդիր է, սա դատական համակարգի խնդիրն է։ Դրանով իմ հեղինակությունը միայն բարձրանում է և ոչ թե հակառակը։ Եթե դատավորին զանգում ասում ես՝ ուշադիր եղիր, կարևոր հարց ա, դրանով, ընդհակառակը, իմ ուշադրությունն է կարևորվում և կարևորվում է այն, որ ես աչալուրջ եմ և հետևում եմ, որպեսզի աղմկահարույց գործերի նկատմամբ դատավորներն ուշադիր լինեն։

- Ամեն դեպքում չեք հերքում, որ այդ ձայնագրության մեջ Բեկթաշյանը հենց Ձեր մասին է խոսում, և Դուք իսկապես զանգել եք նրան այդ հարցով։

- Այ, դա պետք է պարզել Բեկթաշյանից։ Քանի որ Բեկթաշյանի մենախոսությունն է, ես չեմ կարող ասել՝ Բեկթաշյանն ինչ նկատի ունի։ Ես կարող է տասն անգամ Բեկթաշյանի հետ խոսացած լինել այս ընթացքում, ես ի՞նչ իմանամ՝ ինքն ինչը նկատի ունի, ո՞ր զրույցը նկատի ունի։

- Հենց այն զրույցը, որի մասին քիչ առաջ ասում էիք, որ զանգել և ասել եք՝ սա պետության, դատական համակարգի խնդիրն է։

- Ես չգիտեմ՝ դա երբ է եղել, որ օրն է եղել, ինչ հարցով է եղել, այդ ձայնագրությունը, որ կատարվել է, դա հենց նո՞ւյն օրն է եղել, մյուս օրն է եղել, մի ամիս հետո է եղել։ Էնքան կիքսեր կան էդ ձայնագրության հետ կապված, որ մինչև դրանք չպարզվեն, ինձ ոչ ոք չի կարող հարց տալ։

- Իսկ Դուք գործընթաց սկսելո՞ւ եք այդ ձայնագրության հետ կապված, թե՞ Ձեր հեղինակությանն առնչվող որևէ խնդիր չեք տեսնում։

- Չէ, ինչի՞ համար, դա ոչ թե վարկաբեկող, այլ իմ հեղինակությունը բարձրացնող ձայնագրություն էր։ Ես էդպես եմ գնահատում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

--00—ՄՀ