Բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի նիստ՝ Արցախում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Արցախ ՄԻՊ

Մայիսի 20-ին Մարդու իրավունքների պաշտպանի նախագահությամբ տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը, որի կազմում ընդգրկված են բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ, իրավունքների պաշտպանության ոլորտի մասնագետներ:

Ինչպես հայտնում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Գեղամ Ստեփանյանը նշել է, որ Խորհուրդը պետք է ծառայի որպես հարթակ` համատեղելու բռնի տեղահանված անձանց և փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և մասնագետների ներուժը` արձանագրելու և վերհանելու հրատապ լուծում պահանջող խնդիրները և ներկայացնելու դրանք համապատասխան իրավասու մարիններին:

Իր ելույթում ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի կրթական, վերլուծական, հետազոտական և մշտադիտարկման բաժնի պետ Մարինա Սիմոնյանն անդրադարձել է Պաշտպանի աշխատակազմի կողմից այդ բնագավառում իրականացվող աշխատանքներին և մատնանշել որոշակի խնդիրներ։

Խորհրդի անդամները բարձրաձայնել են մի շարք խնդիրների մասին, այդ թվում բռնի տեղահանված անձանց և փախստականների սոցիալական ներառման, բնակարանային և զբաղվածության ապահովման, տարբեր իրավական ակտերի և ծրագրերի կատարելագործման վերաբերյալ։

--00--ԱԱ

Տեսանյութեր